Գրիգոր Գյուրջյան. ԱԶԲ-ի կանխատեսած 5% տնտեսական աճը կարելի է համարել աճի նվազագույն մակարդակ .banks.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության ավագ տնտեսագետ Գրիգոր Գյուրջյանի հարցազրույցը կայքին։- Պարոն Գյուրջյան, ըստ ԱԶԲ-ի ապրիլյան տնտեսական կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 5%: Այս ցուցանիշը կպահպանվի՞ կանխատեսման՝ ապրիլյան վերանայման արդյունքում:- Մինչ տնտեսական կանխատեսումներին անդրադառնալը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր լրատվական կայքին՝ ընթերցողին որակյալ բովանդակության տնտեսական տեղեկատվություն մատուցելու համար։ Կոնկրետ կանխատեսումների վերաբերյալ նշեմ, որ ԱԶԲ-ի կողմից տնտեսական կանխատեսումները հիմնականում իրականացվում են ՀՆԱ-ի եւ գնաճի մասով։ Դրանք հրապարակվում են տարեկան երկու անգամ. հիմնականը հրապարակվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի սկզբին, իսկ վերանայումը՝ սեպտեմբերի վերջին։ 2025 թվականի համար, ըստ «Ասիական զարգացման հեռանկար» ապրիլյան զեկույցի, կանխատեսումը կազմում էր 5%, որն ըստ սեպտեմբերի զեկույցի՝ մնացել է անփոփոխ։ Կանխելով Ձեր հնարավոր հարցադրումը՝ մեր գործընկերների կողմից հրապարակվող կանխատեսումների հետ հնարավոր տարբերության մասով՝ նշեմ, որ այստեղ, բնականաբար, պետք է նկատի ունենալ կանխատեսումից մինչեւ զեկույցի հրապարակում ժամանակահատվածը, որն «Ասիական զարգացման հեռանկար» զեկույցի պարագայում կազմում է մոտ երկու ամիս։ Այսինքն, այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք հիմք են ընդունվել կանխատեսումների համար, ներառել են մինչեւ օգոստոս ամսվա ցուցանիշները։ Հաշվի առնելով դրան հաջորդած ամիսներին արձանագրված բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ վստահաբար կարելի է նշել, որ ԱԶԲ-ի կանխատեսած 5% տնտեսական աճն, ըստ էության, կարելի է արդեն համարել աճի նվազագույն մակարդակ։- Տնտեսական ո՞ր ոլորտներն են ընկած Ձեր կանխատեսումների հիմքում:- ԱԶԲ-ի կողմից ՀՆԱ կանխատեսումների համար հիմք են ընդունվում ՀՆԱ-ի թե ոլորտային եւ թե ծախսային բաղադրիչները։ Հաշվի են առնվում այդ բաղադրիչների թե նախորդ, թե ընթացիկ միտումները, ինչպես նաեւ տվյալ պահին հայտնի ներքին եւ արտաքին տնտեսական գործոնները, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ կանխատեսումների վրա։ Օրինակ՝ ապրիլյան կանխատեսման ժամանակ որպես կարեւոր եւ զգալի գործոն, հաշվի էր առնվել ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված մաքսատուրքերի բարձրացման հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակ անորոշություններն ավելի շատ էին, կարելի է ասել, որ դա ապրիլյան կանխատեսման «որոշիչ գործոններից» մեկն էր։ Նկատի ունենալով հաջորդող ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ այն, որ մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա այդքան էլ զգալի չէին, կարելի է ասել, որ նշված գործոնի ազդեցությունը սեպտեմբերյան կանխատեսման համար համարվում է «կարեւոր, բայց ոչ այնքան որոշիչ»։ Բնականաբար, նշածս օրինակներից միայն մեկն է եւ հաշվի են առնվում նմանաբնույթ բազմաթիվ այլ գործոններ։- Որքանո՞վ է ներդրումային քաղաքականությունը որոշիչ ամենամյա կանխատեսումների պարագայում: - Որպես Ձեր նախորդ հարցադրման եւ պատասխանի շարունակություն նշեմ, որ ներդրումային եւ գործարար քաղաքականությունները համարվում են հենց այդ կարեւոր եւ որոշիչ գործոններից մեկը, որոնք պարբերաբար հաշվի են առնվում կանխատեսումների ժամանակ։ Օրինակ՝ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ կառավարության բյուջետային ուղերձով սահմանված առաջիկա տարիների ներդրումային կամ ոլորտային քաղաքականությունների ուղղությունները կարեւոր կողմնորոշիչ են։ Բնականաբար, այստեղ պետք է նկատի ունենալ նաեւ այն,
որ այդ գործոնները շատ դեպքերում նաեւ որակական են եւ քանակապես չափելի չեն։ - Դիտարկվո՞ւմ են այս համատեքստում աշխարհաքաղաքական ռիսկերը:- Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունների տեմպը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի հետ կապված անորոշությունների բարձր աստիճանը՝ այդ գործոնների հնարավոր ազդեցությունները կանխատեսումների ժամանակ չեն դիտարկվում։ Կարծում եմ, որ այլ երկրների պարագայում նույնպես այդ գործոնների հնարավոր ազդեցությունների գնահատումը գրեթե անհնար է։ Թերեւս, նման ռիսկերի տնտեսական ազդեցությունների գնահատումն առավել խորը, հիմնարար եւ մասնագիտական վերլուծությունների կարիք ունի տնտեսական հանրույթի կողմից։- ԱԶԲ-ի կանխատեսումներով՝ 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,7%: Ինչո՞վ է պայմանավորված կանխատեսման իջեցումը:- ժամանակային առավել լայն հորիզոնում կանխատեսումներ իրականացնելիս «անհայտ գործոններն» ավելի շատ են, քան «հայտնի» գործոնները։ Դա վերաբերում է նաեւ տվյալների ժամանակային շարքերին։ Հետեւաբար, երկարաժամկետ կանխատեսումների առումով ճշգրտության աստիճանն ավելի փոքր է։ «Ասիական զարգացման հեռանկարի» ապրիլյան հաջորդ թողարկման ժամանակ այդ ցուցանիշները կվերանայվեն այդ պահի տվյալներով: - Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային: Վարչապետը նշել էր, որ այցը համընկնում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Ինչպե՞ս կգնահատեք այս տարիների համագործակցության արդյունքները: - Այս 20 տարվա ընթացքում ձեւավորվել են բավական ամուր եւ փոխվստահելի հարաբերություններ Հայաստանի կառավարության մեր գործընկների հետ։ Հայաստան կատարած այցի ընթացքում ԱԶԲ նախագահը նշել էր․«Մենք հպարտ ենք մեր համատեղ ձեռքբերումներով, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել Հայաստանի զարգացման տեսանկյունից»։ Հավելեմ, որ ԱԶԲ-ի՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացմանն աջակցության աներկբա հանձնառությունն ամրագրված է նաեւ ԱԶԲ-ի կողմից առաջիկայում նախատեսվող «Երկրի գործընկերության ռազմավարության 2026-2030թթ.» ծրագրում։ Խորեն Օրմանյան