Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է 95-ամյակը: Այս կապակցությամբ բուհում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ոլորտի պատասխանատուներ։ Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է` հոբելյանը կարևոր է ոչ միայն բուհի, այլև պետության համար: «Ագրարային ոլորտի կրթությունն ու մասնագիտական կադրերի պատրաստումը մեր երկրի համար ռազմավարական անվտանգության խնդիր են։ Այս իմաստով բոլորս կարիք ունենք հետ նայելու Ագրարային համալսարանի անցած ճանապարհին և խոսելու ապագա անելիքների մասին, որոնք ագրարային ոլորտի կրթության նոր օրը պետք է նշանավորեն։ Այս ոլորտի կրթությունը պետք է շարունակի իր նպաստը բերել հանրային և տնտեսական զարգացմանը՝ սպասարկելով պետության կարիքները»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Կարևորելով կրթության որակի ու մրցունակության բարձրացումը՝ նա շեշտել է համալսարանում ներդրված պետական ծրագրերը` ուղղված ոլորտի զա

րգացմանը` մասնավորապես գերակա ուղղություններով կրթություն ստանացողների բարձր կրթաթոշակի սահմանմանը: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքին, որը, ըստ նրա, գալիս է որակական նոր պահանջներ սահմանելու, նշանավորելու այն ճանապարհները, որով պետք է գնալ խնդիրները լուծելու համար: «Վստահ եմ, որ 95-ամյա բուհը ունի ներուժ և խիզախություն` առերեսվելու իրականությանը և գտնելու ճանապարհներ` մրցունակության բարձրացման և որակի ամրապնդման։ Պետությունն այս գործընթացում լինելու է բուհի կողքին: Ագրարային ոլորտի կրթությունը պետության առաջնահերթ ուղղություններից է, և մենք մեծ ջանքեր ենք ներդնում, որպեսզի ունենանք ցանկալի որակ: Մենք արդեն իսկ շատ լուրջ առաջընթաց ունենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում, որտեղ ևս ագրարային ոլորտն առաջնահերթություն է»,- եզրափակել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին: Միջոցառման շրջանակում Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային գործունեության, համալսարանի զարգացման գործում ունեցած գիտակրթական և կազմակերպչական ներդրման համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 95-ամյա հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍՆ հուշամեդալով պարգևատրվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն, բուհի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի Պեստիցիդների սինթեզի և փորձաքննության բաժնի վարիչ Ալեքսանդր Գևորգյանը, Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի սննդի անվտանգության և կեսնատեխնոլոգիայի բաժնի, ինչպես նաև կենդանական ծագման հումքի և մթերքների վերամշակման տեխնոլոգիայի բաժնի վարիչ Աստղիկ Փեփոյանը: Այլ աշխատակիցն

երի տրվել են նաև շնորհակալագրեր: