Երևանում կանցկացվի անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի «ՌեԱ» միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն ու մյուս բանախոսները ներկայացրել են փառատոնի անցկացման մանրամասները: Նրանց խոսքով՝ հանդիսատեսին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` լի անիմացիոն ֆիլմերով, վարպետաց դասերով, բացառիկ նախագծերով ու ոլորտի միջազգային առաջատար մասնագետների հետ հանդիպումներով։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կինոյի տանը, որին կհաջորդի ֆրանսիացի հայտնի անիմատոր, ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմի ցուցադրությունը։ Ընդգծելով փառատոնի նշանակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է դրա ազդեցությունը երիտասարդների աշխարհայացքի ձևավորման գործում: «Արդյունքը տեսանելի է․ արդեն 17 տարի այս փառատոնն իր հետքն է թողնում երիտասարդների աշխարհայացքի ձևավորման վրա` կրթելով, զարգացնելով և ոգեշնչելով նրանց։ Փառատոնը երիտասարդներին հնարավորություն է տալիս շփվելու միջազգային մակարդակի մասնագետների և բարձրորակ գործերի հետ, ինչը նրանց ներշնչում է հավատալ սեփական ուժերին, տեսնել, որ իրենք նույնպես կարող են ստեղծել և առաջ գնալ: Ամենակարևոր ուղերձն այն է, որ ամեն ինչ հնարավոր է մեր երկրում, պարզապես պետք է աշխատել և նախաձեռնող լինել»,- ասել է Դանիել Դանիելյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մոտենում է փառատոնի 20-ամյակը, և ցանկությունը մեծ է, որպեսզի Հայաստանը ներկայացված լինի նաև հեղինակավոր Անսիի (Annecy) միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնում՝ որպես պատվավոր հյուր։ Ինչ վերաբերում է 17-րդ «ՌեԱ» փառատոնին, ապա մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։ Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «ՄարԱնի» հարթակը՝ նախատեսված ոլորտի ներկայացուցիչների համար։ Հարթակի շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կանցկացվեն նաև պանելային քննարկումներ։ Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։ Փառատոնի շրջանակում «Թումո» կենտրոնի աջակցությամբ առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև վարպետության դաս կանցկացնի «Թումո» կենտրոնում։ «Elio» ֆիլմը հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։ «ՌեԱ»-ի հատուկ հյուրերից է նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ կունենա «ՄարԱնի» ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Օսրկարի արժանացած «Հայրը և դուստրը» ֆիլմը, հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայաստանյան հանդիսատեսին։ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում այս տարի ևս կանցկացվի «CoReAct» համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված են Հայաստանի անիմատորների 11 նախագծեր։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները։ Հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Ծրագրին աջակցում է Հայաստան համահայկական հիմնադրամը: Փառատոնն այս տարի հյուրաշատ է։ Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։ Հայաստան է ժամանելու նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը: Հոկտեմբերի 20-ին նա կանցկացնի աշխատ

արան, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան նրա փորձին և ստեղծագործություններին։ Մյուս սպասված հյուրն իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն է. նա հոկտեմբերի 22-ին կանցկացնի աշխատարան։ Անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան հոկտեմբերի 24-ին կանցկացնի վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։ ReA Comics-ի Ազգային մրցույթին ներկայացված են կոմիքսների 15 նախագծեր, որոնց ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-26-ը ՆՓԱԿ-ում։ Ժյուրին կընտրի հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից։ ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ, որոնց շնորհանդեսը տեղի կունենա «ՌեԱ» փառատոնի ընթացքում։ Դրանք են Ժան֊Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. Կամիր պաստառի մահապարտները», Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջը», Լենա Դերունցի «Մխիթարանքը»: 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
