Հայ ուշուիստը՝ միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր հանդիպել է Հայաստանի ավանդական ուշուի ազգային հավաքականի ներկայացուցիչներին։ Ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը հետևել է հավաքականի մարզումներին, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին և զրուցել մարզիկների ու մարզիչների հետ։ Հասմիկ Ավագյանը կարևորել է հետևողական և նպատակային մարզումները՝ ընդգծելով, որ միջազգային հարթակներում հաջողությունները պայմանավորված են ամենօրյա քրտնաջան աշխատանքով և նվիրվածությամբ։ Այցի ընթացքում Հասմիկ Ավագյանը շնորհավորել է հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանին, որն Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։ Առաջիկայում Արսեն Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձր է գնահատել մարզիկի նվաճումները՝ ընդգծելով, որ նրա հաջողությունները ոչ միայն մեծ ձեռքբերում են հայկական սպորտի համար, այլև ոգեշնչող օրինակ պատանի սաների և ապագա չեմպիոնների համար։ Ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին Թբիլիսիի նոր մարզադահլիճում կանցկացվի Եվրասիական պրոֆեսիոնալ սանդայի լիգան, որտեղ Հայաստանը կներկայացնի ՀԱՈւՖ մարզիկ Ավանես Զաքարյանը։ Մրցաշարին կմասնակցեն Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի ուժեղագույն մարզիկները։ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը տեղեկացրել է՝ մարզիկները պատրա
ստվում են մասնակցել երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությանը, որը կկայանա Չինաստանի Տյանձին քաղաքում մարտի 21-ից 31-ը։ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կմասնակցի 8-հոգանոց կազմով՝ երկու մրցաձևում՝ սանդա և թասլու: Ընդ որում՝ թասլու մրցաձևում հանդես եկող Սիրանուշ Ավագյանը կպայքարի երիտասարդների օլիմպիադայի ուղեգիր վաստակելու համար: Մայիսին էլ Հայաստանի ներկայացուցիչները մեծաքանակ կազմով կմասնակցեն Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությանը, որը տեղի կունենա Ֆրանսիայում։ Հասմիկ Ավագյանը հաջողություն և հաղթական մրցելույթներ է մաղթել Հայաստանի ներկայացուցիչներին առաջիկա միջազգային մրցաշարերում՝ վստահություն հայտնելով, որ նրանք լավագույնս կներկայացնեն մեր երկիրը՝ գրանցելով նոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև մարզիկներին և մարզիչներին հուզող մի շարք հարցեր։