Կառավարության իրականացրած քաղաքականությունը ցույց է տալիս, որ քաղաքացիներն այլեւս միայնակ չեն իրենց առողջության խնդիրները կարգավորելու հարցում. Հայկ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով ՀՀ վարչապետի ներկայացրած փաստերը, մասնավորապես, նշել է, որ այս պահի դրությամբ 65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով: «Մեր Կառավարության կողմից իրականացված քաղաքականությունը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները, քաղաքացիներն այլեւս միայնակ չեն իրենց առողջության խնդիրները կարգավորելու հարցում»,- ասել է Հայկ Կոնջորյանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանական վերահսկողության շրջանակում կարեւորել է առողջության ապահովագրության բարեփոխման ընթացքի վերաբերյալ արձանագրումներ կատարելը, ինչպես նաեւ բարձրացված խնդիրներին, դիտարկումներին, առաջարկություններին պարբերաբար անդրադառնալը, միասնական աշխատելը: Նախարարի դիտարկմամբ ԱՀԱ համակարգը բարդ, բազմաշերտ եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին վերաբերող բարեփոխում է: Նա նշել է, որ բարեփոխման ներդրումը դինամիկ գործընթաց է եւ այն երեք տարվա ընթացքում ամբողջությամբ կներդրվի: «Բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որն ամենակարեւորն է: Մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, հավելյալ սոցիալական ճնշում չեն ավելացնում պետության վրա: Եվ պետությունն իր միջոցները ներդնում է, որպեսզի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ ծառայի Հայաստանի զարգացմանն ու տնտեսական աճին»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Հունվարի 1-ից համակարգը սկսել է աշխատել, եւ քաղաքացիները սպասարկվել են: Այցերի թիվը հատել է 250 հազարը: Նշվել է, որ գործադիրը թե՛ էլեկտրոնային համակարգերի եւ թե՛ գործառնական առումով ամենօրյա ռեժիմով աշխատում է բժշկական կենտրոնների, ադմինիստրատիվ պատասխանատուների եւ բժիշկների հետ: Հայկ Կոնջորյանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առաջիկա իրականացվելիք քայլերի հաջորդականությունը՝ մանրամասն ներկայացնելով պարզաբանումներ դիմելու կարգի, համակարգում քաղաքացու կարգավիճակի վերաբերյալ: «Եթե անձը մինչեւ 18 տարեկան է, 65+ տարիքի է կամ 18-65 տարեկան առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն ունի կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է, ապա այս անձինք ապահովագրվում են պետության կողմից: Սա նշանակում է, որ բյուջեն նրանց համար վճարում է տարեկան 129.600 դրամ»,- նշել է նախարարը: Նա նաեւ ներկայացրել է, թե ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հետո ինչպիսին պետք է լինի ՀՀ քաղաքացիների հետագա գործողությունը: «Մարդն ունի որոշակի գանգատներ՝ վատառողջ է: Այս պարագայում պետք է տարբերակել երկու դեպք. եթե անհետաձգելի բուժօգնություն է, այստեղ առաջինը դիմում են շտապ օգնությանը կամ հիվանդանոց: Եվ անձի ապահովագրական փաթեթի մեջ ներառված ծառայություններն արդեն գործարկվում են: Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է պլանային իր պոլիկլինիկական ամբուլատորիա՝ ընտանեկան բժշկի, թերապեւտի կամ մանկաբույժի մոտ, որոնք էլ անձին ուղղորդում են բուժօգնության: Սա է բուժօգնության ստացմա
ն ուղին»,- մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ անդրադառնալով առաջարկվող կարգավորումներին եւ կիրարկելի գործիքակազմին: Ըստ նախարարի՝ ընդհանուր առմամբ այսօր համակարգում ներառված է 1 միլիոն 571 հազար 181 անձ: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ամեն նեղ մասնագետի տարեկան երկու խորհրդատվությունն է փոխհատուցում Ապահովագրական հիմնադրամը: Ատամնաբուժական՝ որոշակի, ակնաբուժական՝ լայն ծառայություններ են ներառված ապահովագրական համակարգում: Պատգամավորները, արժեւորելով կատարված ծավալուն աշխատանքը, ողջունել են ԱՀԱ համակարգի ներդրման փաստը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ նշելով, որ Կառավարությունը եւ խմբակցությունը՝ միացյալ, տասնամյակներով խոստացված բարեփոխումները կյանքի կոչեցին: «Սա մասշտաբային մեծ բարեփոխում է, որն իրականացրել է Հայաստանի Կառավարությունը: Երբեւէ ՀՀ որեւէ Կառավարություն պետական բյուջեից Հայաստանի քաղաքացիներին այսքան գումար չի վճարել առողջության պահպանման, մարդկային կապիտալի զարգացման համար: Սա չափազանց կարեւոր բարեփոխում է, եւ այն մենք բոլորս պետք է միասին հաջողությամբ իրագործենք»,- ամփոփելով քննարկումը՝ ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: