Օրենսդրական առաջարկ` ուղղված ազգային ջրային պաշարի պահպանմանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ: Արձանագրվել է, որ նման աղետների ընթացքում հրատապ փրկարարական եւ վերականգնողական միջոցառումներ անցկացնելուն խոչընդոտում է որոշ աշխատանքների իրականացման համար ջրօգտագործման թույլտվության պահանջը: Այս խնդիրն ակնհայտ է դարձել 2024 թ. Աղստեւ եւ Դեբեդ գետերի հեղեղումների ժամանակ: Խնդրի վերացման նպատակով նախատեսվել է, որ հակահեղեղային միջոցառումների իրականացումը եւս համարվի ազատ ջրօգտագործում, ինչի համար չի պահանջվի առանձին ջրօգտագործման թույլտվություն: «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել եւ վերոնշյալ նոր կարգավորումների մասին հայտնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում: Հաջորդ կարգավորումն ուղղված է ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգմանը: Գործող կարգավորմամբ ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դիմում չի ներկայացնում լիազոր մարմին, այլ մեխանիկորեն ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ լիցենզիայի ժամկետին համարժեք: Արդյունքում՝ լիազոր մարմինը զրկվում է տրված ջրօգտագործման թույլտվության պայմաններին, պահանջներին եւ ոլորտային գործող իրավական ակտերին համապատասխանության գնահատման հնարավորությունից: Նախագծով ամրագրվել է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի համարվում երկարաձգված. այն երկարաձգվում է օրենքով սահմանված կարգով: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կարմիրգրքային եւ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման թույլտվության հայտերի քննարկմանը: Սահմանվել է, որ հայտերը մերժվում են, եթե առկա

չէ շրջակա միջ վրա ազդեցության փորձքաննական դրական եզրակացություն: Նաեւ իրավական հիմք է նախատեսվել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանության մշակման համար: Որոշակիացվել են Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալն ու դրա բաշխումը՝ ըստ առաջնահերթությունների: Այժմ օրենքով սահմանված է տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետր վերականգնվող ջրի ծավալ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այն նվազեցվում է 926 մլն մետր խորանարդի: Նվազեցված ծավալով ջրային ռեսուրսները բաշխվելու են Արարատյան դաշտի ջրօգտագործողների միջեւ՝ ըստ ջրօգտագործման գերակա ուղղությունների ու չափաքանակների: Սահմանված ջրօգտագործման չափաքանակների հաշվարկն իրականացվել է գործող ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված Արարատի ու Արմավիրի մարզերում խմելու, կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական ու ձկնաբուծական նպատակներով անհրաժեշտ ջրի փաստացի եւ պոտենցիալ պահանջարկի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել Սեւանից լրացուցիչ ջրառի նպատակահարմարությանը, Արարատյան ավազանի ջրային ռեսուրսների կայունացման ուղղությամբ քայլերին, ջրի քանակի բաշխման գործընթացին, ազգային ջրային պաշարի պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը եւ այլ խնդիրների: Հարակից զեկույցում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Դավիթ Դանիելյանը:



ԼՐԱՀՈՍ