«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրն ընդլայնվում է՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ընդգրկելով բոլոր մարզերը։ Այսօր տեղի է ունեցել ծրագրի ընդլայնմանը նվիրված պաշտոնական միջոցառումը որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը, FAST-ի համահիմնադիր, գիտնական և գործարար Նուբար Աֆեյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ծրագրի շահառու դպրոցականներ, ուսուցիչներ: Միջոցառման շրջանակում ամփոփվել են 2023 թ.-ից ՀՀ ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի 2-րդ տարվա արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են ընդլայնման ուղղությունները: 2025/2026 ուսումնական տարում ծրագրում արդեն ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերի 19 քաղաքների 26 դպրոցների շուրջ 1000 սովորողներ, այն դեպքում, երբ 2024/2025 ուստարում ծրագրում ընդգրկված էին 15 դպրոցների ավելի քան 600 աշակերտներ: Ակնկալվում է, որ հաջորդ՝ 2026-2027 ուսումնական տարում, «ԱԲ սերունդ» ծրագրում կընդգրկեն մինչև 45 դպրոցներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ծրագրի ընդլայնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ծրագրի մեկնարկից առաջ դժվար էր պատկերացնել դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ առարկաների ներդրումը։ «Արդեն հազարից ավելի սովորողեր ծրագրի շահառու են․ սա մեծ ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել FAST հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շատ կարևոր է, որ գաղափարները, որոնք ծնվում են նախագծային մակարդակում, իրականություն դառնան դպրոցներում»,- նշել է նախարարը և ընդգծել՝ ծրագրի այս փուլի ընդլայնումը նախատեսվում էր 2026 թվականին, բայց համատեղ ջանքերով այն իրականացվել է ավելի վաղ: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցների ուսուցիչներին՝ համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ առանց նրանց ջանքերի ծրագրի հաջողությունը անհնարին կլիներ։ ԿԳՄՍ նախարարը, որպես «ԱԲ սերունդ» ծրագրի կարևոր հաջողություն, ընդգծել է միջազգային հարթակներում Հայաստանի փորձառությամբ կիսվելու հնարավորությունը. «Սկսելով փոքր քայլերից՝ այսօր մեր փորձը կիսում ենք միջազգային տարբեր հարթակներում։ Սա վկայում է ԿԳՄՍՆ-ի և FAST-ի համագործակցության օրինակելի մոդելի մասին։ Պետությունը պետք է կարողանա լսել համարձակ ու նորարար գաղափարները և դրանք դարձնել համակարգային փոփոխությունների մաս։ Այսօր մենք դա անում ենք՝ համատեղ ուժերով»։ ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը: Այս համատեքստում նա անդրադարձել է կրթական արտադրանքներին, որոնք ճանաչելի են և փոխառնելի այլ երկրների համար։ «Հաջորդ շաբաթ քննարկելու ենք «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը մեր մյուս հավակնոտ նախաձեռնությունն է բարձրագույն կրթության և հետազոտության նոր որակի և մրցունակության բարձրացման ճանապարհին: Այս բոլոր աշխատանքները ցույց են տալիս մեր պետության ընդգծված առաջնահերթությունը տեխնոլոգիական կրթության ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Միջոցառման շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Արհեստական բանականության կրթությունը և նորարարության ուղիները՝ առաջընթացի հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։ Նա նշել է, որ համակարգային փոփոխությունները պահանջում են հետևողական պատրաստություն և աջակցություն. «Փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ ինքնաբերաբար։ Անհրաժեշտ է հստակ պլանավորում և պատրաստված համակարգ։ Ուստի մեծ նշանակություն ունի ուսուցիչների վերապատրաստումը և փորձի փոխանակումը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն ներդնել նոր մոտեցումներն ուսումնական գործընթացում»։ ԿԳՄՍ

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրն ընդլ...

նախարարի ընդգծմամբ՝ համատեղ ծրագրի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը հասանելիությունն է։ «Մենք պատասխանատու ենք մեր բոլոր երեխաների առաջ և պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի մրցունակ կրթությունը, որը կօգնի նրան լուծել իր առօրյա խնդիրները, գտնել պատասխաններ համայնքի և կյանքի մարտահրավերներին»,- ընդգծել է նախարարը՝ շեշտելով, որ դպրոցականների ներկայացրած նախագծերը «ԱԲ սերունդ» ծրագրի հաջողվածության լավագույն ապացույցն են։ Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի շահառու դպրոցականները: Անդրադարձ է եղել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 2-9-ն անցկացված արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) հայ դպրոցականների գրանցած հաջողություններին: Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյանը և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել Արամ Ամիրխանյանը։Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել են «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել դպրոցականների հետ:

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրն ընդլ...



ԼՐԱՀՈՍ