Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու դասատուները: Մարզաբնակ երեխաները ելույթ կունենան քույր դպրոցում, կմասնակցեն վարպետաց դասերին, այնուհետև կայցելեն Երևանի ժամանակակից արվեստի թանգարան: Նշենք, որ «Քույր դպրոցներ» ծրագիրը գործում է 2019 թվականից և գործունեության 6 տարիների ընթացքում ձևավորել է փոխհամագործակցության, ստեղծագործական համատեղ աշխատանքի, Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների միջև գաղափարներով, առաջավոր փորձով, դասավանդման
մեթոդներով փոխանակվելու գործուն հարթակներ: Ծրագիրը կարևոր դերակատարություն է ստանձնել մշակութային կրթության ոլորտի տարածքային համաչափ զարգացման, մարզերում գործող երաժշտական և արվեստի դպրոցներին համակարգված մեթոդական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ոլորտում ավանդույթների պահպանության և շարունակական զարգացման գործընթացներում: Ծրագրի միջոցառումների շրջանակում իրականացվում են փոխայցելություններ, երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներն ու մանկավարժական աշխատողները հանդես են գալիս համատեղ ծրագրերով, ելույթներով, կազմակերպվում են վարպետության դասընթացներ, իրականացվում են ճանաչողական այցեր Երևանի և ՀՀ մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, մշակութային օջախներ: «Քույր դպրոցներ» ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր, ինչի արդյունքում ծրագրի շահառու են դարձել հանրապետության ավելի քան 60 երաժշտական, արվեստի դպրոցներ և շուրջ 4000 սովորողներ ու մանկավարժներ: Կից ներկայացվում է ծրագրի գարնանային շրջափուլի ժամանակացույցը: