Նախադպրոցական կրթության մասնագետների աշխատաժողով՝ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ»

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը, որն այս տարի կրում է «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագիրը: Աշխատաժողովը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել աշխատաժողովի հանրապետական փուլը. բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 700 ներկայացուցիչներ: Մինչ բացման արարողությունը հյուրերը ծանոթացել են նաև աշխատաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյին, որտեղ նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացրել են դիդակտիկ աշխատանքներ, մեթոդական ուղեցույցներ և այլն: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության յուրաքանչյուր ներկայացուցչի մասնակցությունը. «Այս աշխատաժողովը միտված է վերաարժևորելու, վերաիմաստավորելու և մեր երեխաների զարգացման գործընթացում վերահաստատելու նախադպրոցական կրթության դերը։ Նախադպրոցական կրթությունը երեխայի զարգացման ամենակարևոր օղակներից է և կախված այն հանգամանքից, թե մենք ինչ բովանդակություն և ինչպիսի կառուցվածք ենք դնում այդ փուլում, որոշվում են նաև դպրոցական կրթության հաջողությունը, ընդհանուր առմամբ, երեխայի ամբողջական ներուժի և պոտենցիալի զարգացումը: Այս նպատակով նախադպրոցական ծառայությունների հասանելիությունը Կառավարության սահմանած առաջնահերթություններից է: Ներկայում լայն թափով իրականացվող 500 մանկապարտեզների նորոգման, բարեկարգման և կառուցման ծրագիրը հասանելի է դարձնում երեխաներին կրթության այս բաղադրիչը»: Նախարարը հիշեցրել է՝ Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրով սահմանված է թիրախ, որ նախադպրոցական կրթությունն առնվազն մեկ տարի պետք է պարտադիր համարվի։ Նա հարցը կարևորել է հատկապես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու տեսանկյունից և հավելել, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նոր կարգավորումներից հետո այսօր արդեն շուրջ 2000 ԿԱՊԿՈՒ երեխաներ հաճախում են մանկապարտեզ: Նա ընդգծել է՝ փոփոխությունների փաթեթ է շրջանառվում նաև նախադպրոցական կրթության նոր չափորոշչի շրջանակում: Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և ընդգծել՝ նախադպրոցական մանկավարժությունը նվիրում և սրտացավություն է պահանջում, որը պետք է զուգորդվի ճիշտ մեթոդական ուղղորդմամբ և մասնագիտական զարգացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ: Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ աճել է տարակարգի դիմած նախադպրոցական մասնագետների թիվը, սակայն խրախուսման մեխանիզմները պետք է շարունակաբար բարելավվեն և նորացվեն՝ բարձրացնելու աշխատակիցների մոտիվացիան: Նա առանձնակի կարևորել է աշխատաժողովի խորագիրը՝ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ»: Անվտանգ և ապահով կրթական միջավայրը մեծացնում է յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ երեխայի հետ ճիշտ վարվելու, երեխային ճանաչելու, նրա կարիքները գնահատելու, նրա զարգացմանը համապատասխան որոշումներ կայացնելու, դժվար խնդիրների պարագայում մասնագիտական աջակցության տրամադրելու առումով: Ըստ նախարարի՝ անվտանգության ու ապահովության զգացողությունը առաջանային նախադրյալ է, որպեսզի երեխան սիրով հաճախի մանկապարտեզ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է աշխատանքը նաև ծն

Նախադպրոցական կրթության մասնագետների աշխատաժողով՝ «Անվտանգ և...

ողական համայնքի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին՝ ընդգծելով՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներգրավվածությունը բոլոր բարեփոխումներում խիստ վճռորոշ է: Ամփոփելով խոսքը՝ նա հաջող ընթացք և արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովին: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ բարձր գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների ամենօրյա աշխատանքը: Նա ևս կարևորել է կրթության դերը վաղ մանկության շրջանում՝ ընդգծելով որևէ երեխայի՝ այս փուլից դուրս չմնալու հանգամանքը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ «Դեպի անվտանգ և ապահով մանկապարտեզ» թեմայով: Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ սկսած շինարարական աշխատանքներից ու ենթակառուցվածքների ստեղծումից մինչև մասնագիտական զարգացման ծրագրեր: Զեկույցում Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև ոլորտի խնդիրներից, նախանշել դրանց ուղղված միասնական աշխատանքներն ու լուծումները: Աշխատաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև աշխատարաններ՝ անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու թեմայով:

Նախադպրոցական կրթության մասնագետների աշխատաժողով՝ «Անվտանգ և...



ԼՐԱՀՈՍ