Իդրամ եւ Bybit․ կրիպտովճարումներ Հայաստանում .banks.am
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի թվային վճարային առաջատար հարթակ Իդրամը եւ առեւտրային ծավալներով աշխարհում երկրորդ խոշոր կրիպտոբորսան՝ Bybit-ը, հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին։ Առաջին անգամ Հայաստանում հնարավոր կդառնա թվային ակտիվներով վճարումներ անել Իդրամ QR համակարգի միջոցով։ Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ համագործակցությունը ոչ միայն ընդլայնում է թվային վճարումների հնարավորությունները Հայաստանում, այլեւ նպաստում է երկրի ֆինանսական ոլորտի միջազգային ինտեգրմանը։ «Այսօր մենք եւս մեկ քայլ ենք անում դեպի ապագա՝ հնարավորություն տալով Bybit հավելվածի օգտատերերին վճարումներ կատարել ավելի քան 25.000 առեւտրային կետերում։ Սա նշանակում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են իրենց թվային ակտիվներով արագ, ապահով եւ հարմարավետ կերպով վճարել ցանկացած խանութում, ռեստորանում կամ հյուրանոցում», - ասել է Գրիգորի Յոլյանը։Bybit-ի վճարային բիզնեսի զարգացման տնօրեն Սոֆի Չենը, իր հերթին, ընդգծել է, որ Bybit-ով հնարավոր է վճարումներ կատարել աշխարհի տարբեր երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան, Չինաստանը, Ղազախստանը, և հիմա արդեն այս համագործակցությունը Հայաստանի ֆինանսական շուկայի համար է նոր էջ բացում։ «Մենք բարձր ենք գնահատում Իդրամ թիմի պրոֆեսիոնալիզմը։ Այս համագործակցությունը մեզ համար վստահելի հիմք է՝ զարգացնելու թվային ֆինանսների էկոհամակարգը Հայաստանում։ Իդրամը մեզ ցույց տվեց, որ այստեղ կա պատրաստակամություն եւ տեխնոլոգիական ներուժ՝ ընդունելու համաշխարհային չափանիշները», - նշել է Սոֆի Չենը։ Bybit-ի միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Միխայիլ Դերբիշեւի խոսքով՝ երկու ընկերությունների համագործակցությունը ծնվել է դեռ մեկ տարի առաջ՝ երկար քննարկումների արդյունքում․ «Մենք քննարկում էինք տարբեր ձեւաչափեր՝ ինչպես միավորել թվային արժույթը եւ ավանդական վճարումները։ Ի վերջո, հասկացանք, որ Իդրամի QR համակարգը հենց այն լուծումն է, որը թույլ է տալիս դա անել առանց բարդությունների»։ Իդրամի էկոհամակարգի եւ գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանն ընդգծել է, որ համագործակցությունը Իդրամի համար ռազմավարական նշանակություն ունի․ «Մենք շարունակում ենք ընդլայնել մեր միջազգային գործընկերների ցանցը՝ նպատակ ունենալով
Հայաստանը ներկայացնել համաշխարհային ֆինանսական քարտեզում որպես նորարար եւ բաց երկիր։ Այս քայլով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի թվային ֆինանսների կենտրոններից մեկը»։ Այս պահին Իդրամի QR վճարային համակարգն ընդգրկում է շուրջ 25.000 առեւտրային կետ ամբողջ Հայաստանում։ Նոր համագործակցությամբ այդ ցանցը բացվում է նաեւ Bybit-ի հազարավոր օգտատերերի համար։Գրիգորի Յոլյանի խոսքով՝ այս քայլը ոչ միայն ընդլայնում է Իդրամի ծառայությունների աշխարհագրությունը, այլեւ ամրապնդում Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանում թվային ֆինանսների առաջամարտիկ ։ Վճարման գործընթացն առանձնանում է իր պարզությամբ․ օգտատերը Bybit հավելվածում սեղմում է Bybit Pay, ընտրում QR վճարման տարբերակը, սքանավորում վաճառքի կետում տեղադրված QR կոդը, հաստատում գործարքը, եւ վերջ՝ վճարումը կատարված է։ «Մենք հավատում ենք, որ Հայաստանի ֆինանսական ապագան սկսվում է հենց նման համագործակցություններից։ Թվային, թափանցիկ եւ նորարարական վճարումների դարաշրջանը այլեւս այստեղ է», - ասել է Գրիգորի Յոլյանը։Աստղիկ ՀովհաննեսովԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի