Հարկային մարմինը նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը. նոր օրենսդրական նախագիծ .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Նախագծով առաջարկվում է մի շարք լրացումներ և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում, որոնք հիմնականում վերաբերում են եկամտային հարկի հաշվարկման և հայտարարագրման կարգի պարզեցմանը։ Օրենսգրքի 52-րդ հոդվածում նախատեսվում է նոր կարգավորում, ըստ որի՝ հնարավոր է սահմանել հարկային հաշվարկների և դրանց կազմման առանձնահատկություններ՝ կախված հարկատեսակից։ Եթե ֆիզիկական անձը եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը չի կարող ներկայացնել այն պատճառով, որ դեռ չի ստացել նույնականացման քարտը, ապա հայտարարագրի ներկայացման և հարկի վճարման ժամկետը կհետաձգվի մինչև քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը։ Սահմանվում է, որ եթե հարկայի
ն հաշվարկը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, այն համարվում է ներկայացված այն օրը, որը սահմանված է Օրենսգրքով որպես վերջնաժամկետ։ Օրենսգրքի ամբողջ տեքստում «նվազեցվող եկամուտ» արտահայտությունը փոխարինվում է «նվազեցվող (չհարկվող) եկամուտ» ձևակերպմամբ՝ իրավական միանշանակություն ապահովելու նպատակով։ Նախագծով սահմանվում է, որ ֆիզիկական անձինք տարեկան եկամտային հարկի հայտարարագրերը հարկային մարմնին կներկայացնեն մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը, իսկ եթե մարտի 2-ը ոչ աշխատանքային օր է՝ հաջորդ աշխատանքային օրվանից։ Կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր: Նախագծով առաջարկվում է ներդնել նոր համակարգ, որի միջոցով հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայի հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։ Սոցիալական ծախսը կփոխհատուցվի միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ձևով։ Օրենսդրական նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։