Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ՝ մայիսի 7-ի հերթական նիստում: Համաձայնագրի փոփոխությունը բխում է «ՀՀ՝ Եվրասիական տնտեսության միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրիե 24-րդ հավելվածից, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները պետք է իրականացվեն առանց թույլտվության: «Ստորագրված արձանագրությամբ ամրագրվում է, որ մեկ կողմի փոխադրողները մյուս կողմի տարածքում բեռնափոխադրումներ իրականացնելիս փոխադարձ հիմունքով ազատվում են փոխադրամիջոցի տիրապետման հետ կապված հարկերից, վճարներից՝ բացառությամբ ճանապարհներին հասցված վնասի փոխհատուցման վճարի եւ վճարովի ենթակառուցվածքներից օգտվելու դեպքերի, եթե դրանք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաեւ թե՛ օտարերկրյա եւ թե՛ տեղական փոխադրողներից»,- մանրամասն ներկայացնելով համաձայնագիրը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նա նշել է, որ արձանագրության վավերացումը կդյուրացնի երկու պետությունների միջեւ միջազգային բեռնափոխադրումների գործընթացը, կկրճատվեն բեռնափոխադրումների իրականացման հետ կապված ծախսերը, կբարձրանա տարածաշրջանում ՀՀ տարանցիկ դերը: Հիմնական զեկուցողը
պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով բեռնափոխադրումների ընթացքում առաջացող խոչընդոտներին, դրանք վերացնելուն ուղղված քայլերին, բեռնափոխադրումների՝ ԵԱՏՄ շրջանակում սահմանված կարգավորումներին: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը: Եզրափակիչ ելույթում Արմեն Սիմոնյանն անդրադարձնել է Վերին Լարսում առաջացող հիմնախնդրին: Նա տեղեկացրել է, որ եղանակային պայմաններից կախված ճանապարհի փակման լուծումը նոր ճանապարհահատվածի կառուցումն է, որն իրականացվում է: Ճանապարհահատվածը, որ կառուցվում է վրացական կողմում, նախատեսված էր ավարտին հասցնել 2024 թվականին վերջին: «Հաշվի առնելով լոգիստիկ փոփոխությունների հետ կապված խնդիրները՝ ժամկետը հետաձգվել է, եւ մոտակա ժամանակներում ձնահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի եւ Վարին Լարսի անցակետն այլեւս կգործի տարին 365 կամ 366 օր»,- ասել է Արմեն Սիմոնյանը: