Պետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները. խրախուսելով առողջ ապրելակերպը

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը: Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ որոշման ընդունումը է բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից և նպատակ ունի խթանել հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Քաղաքային բնակավայրերում հեծանիվային տեղաշարժը, ինչպես նախարարն է նշել, կարող է նպաստել նաև խցանումների նվազմանը՝ ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ։ Ընդունվող որոշումը սպորտի ոլորտում ֆիզիկական ակտիվության խրախուսման զարգացմանn ուղղված պետական քաղաքականության շարունակությունն է: Մասսայական սպորտի հատկացումներն աճել են շուրջ 10 անգամ ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումները 2018-ի համեմատ 2023-ին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում` մասսայական սպորտին ուղղվող հատկացումները՝ շուրջ 10 անգամ։ 2021 թվականից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին: Մրցաշարերը կազմակերպվում են տարբեր մարզային բնակավայրերում՝ նպաստելով նաև տվյալ բնակավայրերում տնտեսական աշխուժացմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2024 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» 5 խոշոր մարզական մրցաշարերին մասնակցել է շուրջ 9600 մարդ, որը 48%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2024-ից սկսած՝ նշված մրցաշարերից երեքը՝ սեղանի թենիսը, թիմային խճուղավազքն ու հեծանվավազքը, անցկացվում են դպրոցական ձևաչափով։ Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին պետության կողմից ձեռք է բերվել ավելի քան 6500 հեծանիվ, որոնք տրամադրվել են դպրոցներին: Կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության նպատակով։ «Այս քաղաքականության շարունակական է. ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև բարձրագույն և ՄԿՈՒ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին: Խրախուսելով ծրագրի շահառուներին՝ կարծում ենք, որ նրանք հեծանիվ վարելու հնարավորությունը կարող են դիտարկել ոչ միայն որպես նախասիրություն և ֆիզիկական առողջ ակտիվություն, այլև սեփական առօրյան կազմակերպելու միջոց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով հանրային վարքականոնի ձևավորման կարևորությունը: Հեծանիվ՝ վարկով, տոկոսադրույքի սուբսիդավորմամբ Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բարձրագույն, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները: Օժանդակությունը շահառուներին կտրամադրվի ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից տրվող նպատակային վարկերի համար՝ տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Որպես վարկառու կարող է հանդիսանալ կա՛մ շահառուն (եթե աշխատող է, կա՛մ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը: Վարկի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 16%, որն ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից: Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց են տվել, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար, ինչպես նաև փ
աստել՝ դաշտում կա հետաքրքրություն նման նախաձեռնության իրականացման շուրջ։ ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ՝ առաջիկայում կհաստատվի նաև վարկի տրամադրման սուբսիդավորման կարգը: Այս տարվա համար նախատեսված ֆինանսավորումը կհատկացվի վերաբաշխման միջոցով՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցներից: Ակնկալվում է, որ 2025 թվականին ծրագրից կօգտվի 500 շահառու: Հեծանիվը որպես փոխադրամիջոց. հարցման արդյունքներ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում տրանսպորտային նախագծի մշակումն իրականացնող ընկերությունը հարցում է իրականացրել բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում: Հարցմանը մասնակցել է շուրջ 5000 հոգի. նրանց ընդամենը 0,3 տոկոսն է համալսարան կամ գիտահետազոտական ինստիտուտ գնում հեծանիվով։ Միաժամանակ, հարցվածների 3,2 տոկոսը նշել է, որ կցանկանար որպես փոխադրամիջոց կիրառել հեծանիվը՝ բուհ կամ գիտահետազոտական ինստիտուտ հասնելու համար։ Այսինքն՝ պատշաճ ենթակառուցվածքների ձևավորման և հեծանիվների կիրառումը խրախուսելու պարագայում այդ թիվը կարող է աճել։ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը կիրականացվի Երևանում և մարզերում: «Տարբեր բնակավայրերում տեղակայված հաստատությունների ուսանողների և աշխատակիցների համար սա շատ լավ հնարավորություն է, հատկապես երբ մոտակա գյուղից պետք է հասնել որևէ հաստատություն: Մի շարք ուսանողների պետությունը գերակա ուղղություններով կրթաթոշակ է տրամադրում: Ըստ էության՝ ստեղծված է հնարավորություն, որ նրանք կրթաթոշակի սահմաններում նույնպես կարողանան հեծանիվ ձեռքբերել: Ծրագրի շահառուների շրջանակը, նաև պետության այլ ծրագրերով, բավական ընդլայնելու հնարավորություն կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական բոլոր հաստատություններին տեղեկացրել է հեծանիվների կայանատեղիներ նախատեսելու անհրաժեշտության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախաձեռնությունը, շեշտել է, որ փաստացի վարկային տոկոսադրույքը զրոյացվում է այն սովորողների և դասավանդողների համար, որոնք հեծանիվը պատրաստ են դիտարկել որպես փոխադրամիջոց: Նա ընդգծել է, որ որոշման ընդունումը միտված է տրանսպորտային ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանը: