Հանդիպում երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, մասնավորապես անդրադարձ է եղել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, երիտասարդական պորտալում կատարված փոփոխություններին: «Ձեզ հետ հանդիպում ենք նոր իրավիճակում, երբ նաև ձեր շնորհիվ ունենք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք, որը մշակվել է ամենամասնակցային ձևաչափով և անցել է քննարկման տարբեր փուլեր: Սա նաև հավելյալ պատասխանատվություն է՝ համատեղ աշխատանքով ապահովելու դրական արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ նախարարի՝ երիտասարդական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը ստեղծված հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների պատշաճ իրազեկվածությունն է, և հանդիպումը նաև այդ նպատակով է կազմակերպված։ Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ոլորտի չիրացված ներուժը բացասաբար է անդրադառնում հասարակության զարգացման վրա, ուստի կարևոր է, որ հատկապես երիտասարդները ձեռք բերած տեղեկությունը տարածեն տարբեր հարթակներում, նաև սեփական միջավայրում: Նախարարի հաջորդ շեշտադրումը վերաբերում էր համայնքային կյանքի կազմակերպման գործում երիտասարդների ներգրավմանը. «Արդեն իսկ որոշ համայնքներում ներդրվել է հնարավորություն, ըստ որի համայնքային բյուջեի ծախսման ուղղությունները որոշվում են համայնքի բնակիչների ներկայացրած առաջարկների հիման վրա: Համայնքային բյուջեների ծախսերում նաև ձեր մոտեցումները ներկայացնելու, համայնքի կյանքի որակի բարելավման համատեքստում դրանց կյանքի կոչման նպատակահարմարությունը դիտարկելու առումով դուք պետք է լինեք առավել ակտիվ»: Նախարարը կարևորել է, որ երիտասարդական կենտրոնները դառնան այն հարթակները, որտեղ կծավալվեն այսօրինակ խոսակցություններ՝ հետագայում համապատասխան արդյունքներ ունենալու մղումով: Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդների զբաղվածության խնդիրը։ «Երիտասարդական քաղաքականության և հատկապես երիտասարդական կենտրոնների գործիքակազմն ուղղված է նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդներին: Ակնհայտ է, որ այստեղ մենք և դուք ունենք համատեղ աշխատանքի անհրաժեշտություն: Կարևոր է այս խմբի համար աշխատելու հնարավորության ստեղծումը՝ նախապես հասկանալով, թե ինչի կարիք կա՝ գուցե հավելյալ կրթության, զբաղվածության ծրագրերի»,- ասել է նախարարը:

Հանդիպում երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը ներկաներին կոչ է արել հանդես գալ նոր առաջարկներով: Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ոլորտի փոփոխությունների ու հնարավորությունների մասին իրազեկվածությունն ապահովելու տեսանկյունից կարևորելով հանդիպման ձևաչափը: Նա առանձնակի անդրադարձել է երիտասարդական կենտրոնների գործառույթներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է նպաստեն ծրագրերի մասին իրազեկմանը՝ խթանելով ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, որակյալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը: «Երիտասարդական կենտրոններին վերաբերում ենք որպես սոցիալական գործընկերների, որոնց առաքելությունը համայնքներում երիտասարդական քաղաքականությունը կյանքի կոչելն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցային հիմունքներով մշակվելու է կենտրոնների ուղեցույցը, որից հետո այն տրամադրվելու է կենտրոններին՝ գործածության: Նա նաև կոչ է արել չսահմանափակվել դրամաշնորհային ծրագրերով և ընդլայնել իրենց գործունեությունը ոլորտում, ինչպես նաև բարձրացնել ոլորտային իրազեկվածությունը ԿԳՄՍՆ escs.am կայքի, ինչպես նաև antitrafficking.am, erit.am կայքերի միջոցով: Ներկաները բանախոսներին ուղղել են ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։ Նշենք, որ հանդիպումը կայացել է Գերմանիայի կառավարության և ԵՄ ֆինանսական աջակցությամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների, երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում:

Հանդիպում երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն