Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ

Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխությունները: Զեկուցողի խոսքով առաջարկվում է սահմանել փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման իրավական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար պրակտիկան: Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը: «Օտարերկրյա եւ տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս շատ կարեւորել են այս հասկացությունը եւ գործիքի կիրառումը մեր բիզնեսում»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ այդ համատեքստում առաջարկել է Կառավարությանը հանդես գալ նման նախաձեռնությամբ: Մասնավորապես, ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում ոչ թե ստանալ իրենց գումարը որոշակի տոկոսներով, այլեւ դրա դիմաց ընկերություններում ստանալ բաժնեմաս: Գեւորգ Պապոյանը նշել է, որ միաժամանակ ընկերության մասնակիցները` բաժնետերերը չեն առարկում այդ գաղափարին եւ չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: Այդ գործիքի իրականացումը տեղի է ունենում փոխարկելի պարտավորագրի պայմանագրերի միջոցով: «Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաեւ ընկերությունն
երի համար, որոնք կարող են համեմատաբար լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ եւ այլն) ներգրավել ներդրումներ ներկա եւ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- ասել է զեկուցողը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում այն դեռեւս չի կիրառվում, որի պատճառն օրենսդրական համապատասխան կարգավորումներ չունենալն է: Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը: Սահմանվել է պայմանագրի հասկացությունը, դրա կնքման եւ հետագայում պարտքի փոխարկման կարգը: Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր: Նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները: Հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն. ասել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը` առաջարկելով կողմ քվեարկել փաթեթին: