Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է Կառավարության առաջարկները: Նա տեղեկացրել է, որ նախագծերում կատարվել են խմբագրական փոփոխություններ, ներկայացվել են նաեւ առաջարկներ: Մասնավորապես, Կառավարությունն առաջարկել է անհատական եւ հրապարակային ծանուցումների համար վճարումները սահմանել պետական տուրք. սահմանվել են նաեւ դրանց դրույքաչափերը: Փոխնախարարի խոսքով դրույքաչափերն այնպես են նախատեսվել, որ էլեկտրոնային ծանուցումը լինի ավելի մատչելի, քան թղթայինը: Կառավարության որոշմամբ կսահմանվեն հավելյալ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսահամարով տեղեկացնելու
կարգերը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի եւ Գեղամ Նազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամսով: Հեղինակները տեղեկացրել են, որ հետաձգման պատճառն օրենքի նախագծի լրամշակման անհրաժեշտությունն է: