Այս կոնվենցիայի անհրաժեշտությունը ծագում է ծանր եւ անհանգստացնող իրականությունից. Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ժամանակ՝ նշելով. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Հարգելի՛ գործընկերներ, 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Նախարարների կոմիտեն վեհաժողովին փոխանցեց Եվրոպայի խորհրդի՝ փաստաբանների մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիայի նախագիծը, որը մշակվել էր Փաստաբանների պաշտպանության հարցերով փորձագետների կոմիտեի եւ Իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի կողմից: Մենք հանձնառու ենք հնարավորինս արագ ներկայացնել մեր իրավական կարծիքը, սակայն սա չի նշանակում, որ մշակման գործընթացը եղել է արագ եւ հեշտ: Այս նախագծի ստեղծումը սկսվել է 2018 թվականին, երբ վեհաժողովն ընդունեց «Փաստաբանների մասնագիտության վերաբերյալ եվրոպական կոնվենցիա մշակելու անհրաժեշտությունը» վերնագրով առաջարկությունը: Ցանկանում եմ շնորհավորել Փաստաբանների պաշտպանության հարցերով փորձագետների կոմիտեին եւ Իրավական համագործակցության եվրոպական կոմիտեին նրանց գերազանց աշխատանքի եւ այն փաստի համար, որ նրանք ստեղծել են փաստաթուղթ, որը միավորում է տարբեր իրավական համակարգերը՝ միեւնույն ժամանակ հաշվի առնելով դրանց տարբերությունները: Նախագծված կոնվենցիան ապահովում է փաստաբանների համար իրավական պաշտպանություն՝ երաշխավորելով, որ նրանք կարող են իրենց մասնագիտությունն իրականացնել առանց խտրականության, անհարկի խոչընդոտների կամ միջամտության: Սա կարեւոր է ոչ միայն փաստաբանների անվտանգության եւ անկախության, այլեւ հանրային վստահության պահպանման համար դատական համակարգի եւ իրավունքի գերակայության նկատմամբ: Այն երաշխավորում է, որ մեր իրավունքները պաշտպանող անձինք նույնպես համապատասխան պաշտպանություն ունենան: Այս կոնվենցիայի անհրաժեշտությունը ծագում է ծանր եւ անհանգստացնող իրականությունից: Փաստաբանները, ովքեր առանցքային դեր ունեն իրավունքի գերակայության ապահովման ու արդարադատության իրականացման հարցում, շատ են ենթարկվում հետապնդումների, սպառնալիքների, իսկ երբեմն՝ նույնիսկ բռնության: Սա չի վերաբերում միայն մեկ երկրին, տարածաշրջանին կամ իրավական համակարգին: Սա գլոբալ խնդիր է, որը սպառնում է մեր ժողովրդավարական հասարակությունների հիմքերին: Վառ օրինակներ են Վադիմ Կոբզեւի, Իգոր Սերգունինի եւ Ալեքսեյ Լիպստերի դեպքերը, ովքեր 2023 թվականի հոկտեմբերին ձերբակալվեցին «ծայրահեղական կազմակերպության մասնակցության» մեղադրանքով եւ դատապարտվեցին հինգ ու կես տարվա ազատազրկման՝ շինծու դատավարության արդյունքում: Մաքսիմ Զնակը, Բելառուսի հայտնի փաստաբանը, 2021 թվականի սեպտեմբերին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման միայն այն պատճառով, որ նա վիճարկեց Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրությունների արդյունքները: Այս դեպքերը վկայում են ավելի լայն ճգնաժամի մասին, երբ փաստաբանները լուրջ հետեւանքների են ենթարկվում միայն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար: Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ավելի քան 1,700 փաստաբաններ ենթարկվել են քրեական հետապնդման՝ «ահաբեկչության» հետ կապված անհասկանալի մեղադրանքներով: Միացյալ Թագավորությունում եւ Գերմանիայում փաստաբանները սպառնալիքների են ենթարկվել միայն այն բանի համար, որ զբաղվել են բարձր մակարդակի կամ քաղաքականապես զգայուն գործերով: Այս օրինակները եւս մեկ անգամ ընդգծում են այն հրատապ անհրաժեշտությունը, որ ստեղծվի ուժեղ եւ պարտադիր միջազգային մեխանիզմ՝ փաստաբանների պաշտպանության համար՝ անկախ նրանց գործունեության վայրից: Այս նախագծի առավելություններից մեկն այն է, որ այն սահմանում է ավելի բարձր չափանիշներ, քան ներկայում գործող ոչ պարտադիր իրավական փաստաթղթերը, ներառյալ Նախարարների կոմիտեի՝ փաստաբանների մասնագիտության ազատության վերաբերյալ հանձնարարականը: Այն ամրագրում է փաստաբանների մասնագիտական ուժեղ իրավունքներ, ներառյալ՝ * ազատորեն մասնագիտությամբ զբաղվելու իրավունքը, * իրենց հաճախորդներին ընտրելու իրավունքը, * հաճախորդների հետ գաղտնի հաղորդակցվելու իրավունքը: Այս կոնվենցիան կպաշտպանի ոչ միայն լիցենզավորված փաստաբաններին, այլեւ նրա
նց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից: Այն տարածվելու է նաեւ նրանց վրա, ովքեր լիազորված են ներկայացնելու դիմումատուներին միջազգային դատարաններում եւ մարդու իրավունքների պաշտպանության մարմիններում՝ պաշտպանելով իրավական պաշտպանության ավելի լայն շրջանակ: Բացի այդ, կոնվենցիան սահմանում է իրավական չափանիշներ փաստաբանների մասնագիտական միությունների գործունեության համար՝ որպես անկախ եւ ինքնակառավարվող մարմիններ: Սա հատկապես կարեւոր է, քանի որ այդպիսի միություններն առանցքային դեր են խաղում իրավաբանական մասնագիտության ամբողջականության պաշտպանման եւ իրենց անդամների իրավունքների ապահովման գործում: Թերեւս ամենակարեւորն այն է, որ կոնվենցիան նախատեսում է հզոր մոնիտորինգային մեխանիզմի ստեղծում: Փաստաբանների մասնագիտության պաշտպանության փորձագետների խումբը (GRAVO) վերահսկելու է կոնվենցիայի իրականացումը, ապահովելու է, որ դրա դրույթները պահպանվեն, եւ ցանկացած խախտում կամ համակարգային սպառնալիք պատշաճ կերպով արձագանքի: Գործընկերնե՛ր, ես որոշեցի առաջարկել միայն մեկ փոփոխություն, որը վերաբերում է պայմանականություններին (reservation): Ըստ միջազգային իրավունքի՝ պայմանականությունները թույլատրվում են, եթե կոնվենցիան դրանք չի արգելում կամ եթե դրանք չեն հակասում դրա նպատակին կամ էությանը: Փաստաբանների պաշտպանության հարցերով փորձագետների կոմիտեն հստակորեն նախատեսել է, որ այս կոնվենցիան պետք է ամբողջությամբ իրականացվի առանց պայմանականությունների, ինչպես նշված է նրանց 2024 թվականի մայիս ամսվա նիստի հաշվետվության մեջ: Եթե մենք թույլ տանք, որ պետությունները ստորագրման կամ վավերացման ընթացքում պայմանականություններ սահմանեն, դա կարող է թուլացնել այս կարեւորագույն փաստաթղթի ազդեցությունը: Հարգելի՛ պատգամավորներ, Կարեւոր է, որ մենք օգտագործենք այս հնարավորությունը՝ պաշտպանելու մեր արդարադատության համակարգի ամենախոցելի, սակայն ամենաանհրաժեշտ մասնագետներից մեկին՝ փաստաբաններին: Այս կարծիքի հաստատմամբ մենք հստակ պարտավորվում ենք պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը՝ ապահովելով, որ նրանք, ովքեր պաշտպանում են մեզ, նույնպես պատշաճ պաշտպանություն ունենան: Շնորհակալություն»: