Կինոդպրոց առանց սահմանների. մեկնարկել է կրթական ծրագրի մասնակիցների հայտերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ): «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր: Ծրագրի շրջանակում տեղի կունենան ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմի հետ, ավարտական համատեղ ֆիլմերի նկարահանում: Դասընթացներին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ փետրվարի 7-ը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/profile.php?id=100063804720518 ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակիցների հետ կապը կհաստատվի հետադարձ հաղորդագրությամբ: Մասնակիցների ընտրությունը կկատարվի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրում ընդգրկված կինոարտադրության ոլորտի առաջատար մասնագետների կողմից՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցը տեղի կունենա 2025 թ. փետրվարի 8-ին
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում՝ «Անրի Վեռնոյ» կինոսրահում (հասցե՝ Ամիրյան 26): Դասընթացները կիրականացվեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Դասընթացի տևողությունը երկու ամիս է: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարին կամ գրել https://surl.li/nlzkfn ծրագրի ֆեյսբուքյան էջին: