Բազմաբնակարան շենքերում բնակարանների ներքին հարդարման պարտադիր պահանջներ․ կատարման ենթակա աշխատանքների ցանկ .Iravaban.net
Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է հանրային քննարկման դրված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է ապահովել բազմաբնակարան կամ ստորաբաժանված նորակառույց շենքերի ներքին հարդարման և դրանց շահագործման հանձնելու պարտադիր պայմանները։ Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը ՀՀ տարածքում ծավալուն բնակելի կառուցապատման ծրագրերի շրջանակներում բնակելի և օժանդակ ու ընդհանուր օգտագործման տարածքների մակերեսների ներքին հարդարման նվազագույն չափորոշիչների ապահովման անհրաժեշտությամբ, որոնք սահմանվել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ գլխով` Կոմիտեի նախագահի 2025 թվականի հուլիսի 16-ի N21-Ն հրամանի համաձայն: Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս. – նորակառույց բազմաբնակարան/բազմաֆունկցիոնալ շենքերի մի մասը շահագործման է հանձնվում առանց ներքին հարդարման նվազագույն միջոցառումների, որի արդյունքում ըստ էության շենքն ամբողջական ավարտի չի հասցվում և ինժեներական հաղորդակցուղիների, միջնորմների կառուցման մոնտաժային աշխատանքները կատարվում են ոչ ամբողջական ծավալով: Առկա տեղական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաբնակարան շենքերի շահագործման թույլտվությունը կարող է տրամադրվել և հարդարումով և առանց հարդարման: Այս առումով, ապագա բնակիչներին վերապահված աշխատանքների կարևորագույն հատվածը նախատեսվում է կատարել մինչև շենքի շահագործման ընդունումը՝ մասնագիտացված աշխատանքային խմբերի կողմից, որոնք համակարգվում են Կառուցապատողների մասնակցությամբ: Կարգավորման նպատակը և բնույթը Ներկայումս նպատակահարմար է համարվում ներքին հարդարման նվազագույն պահանջների (շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ապահովումը, որոնք ենթադրոuմ են պատուհանների, պատուհանագոգերի, բնակարանների մուտքի և միջսենյակային դռների ու միջնապատերի (միջնորմների) տեղադրման, գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) հարդարման, ծեփամածիկով հարթեցման, հղկման, հատակի հարթեցնող շերտերի իրականացման, առաստաղի իրականացման, հարթեցման և համապատասխան հարդարման նյութերով երեսպատման, բաց պատշգամբների պատերի
և հատակի վերջնական հարդարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, կապի ներքին հաղորդակցուղիների (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման, սպառման կետերի (ելքերի) նախատեսման աշխատանքներ: Ո՞րն է կարգավորման նպատակը Ձեռք բերել հնարավորինս ամբողջականացված և ավարտված շինարարական օբյեկտ, որը կհանգեցնի նաև շինաշխատանքներն ավարտելուց և շահագործման հանձնվելուց հետո շենքի բնակիչների կողմից բարձրաձայնված դժգոհությունների նվազեցմանը՝ չհարդարված բնակարանների սեփականատերերի կողմից կրկին շինարարական աղբով աստիճանավանդակները, վերելակները, հարակից տարածքները ոչ պատշաճ տեսքի բերելու վերաբերյալ: Բյուջետային ազդեցությունը Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում: ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշում կետ 159. Առևտրային իրացման նպատակով կառուցվող անհատական բնակելի (այդ թվում՝ բլոկացված) տների և դրանց կից տնտեսական շինությունների ներքին հարդարման շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացման դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվելուց հետո շինարարության թույլտվություն չպահանջող ներքին հարդարման աշխատանքները՝ համաձայն N 4 հավելվածի N 1 ցանկի, կարող են կատարվել նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման, կանաչապատման աշխատանքները, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացվեն ամբողջությամբ: Ի՞նչ արդյունք է ակնկալվում Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում: Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ կետի 41-րդ ենթակետը Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքերի ավարտված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովին՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը փաստելու նպատակով ընդունող հանձնաժողովի ակտը (ավարտական ակտը) ստորագրել սույն հրամանի երկրորդ կետով նախատեսված ներքին հարդարման նվազագույն աշխատանքների ավարտված լինելու պարագայում: Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա: Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: