Քննարկվել են պաշտպանության ոլորտի գալիք տարվա հատկացումները

2026 թվականի բյուջեի նախագծով Ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 120 մլրդ 644 մլն դրամ, որը 2025 թվականի համեմատ պակաս է 2 մլրդ 355 մլն դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նոյեմբերի 3-ին խորհրդարանում շարունակվել են բյուջետային քննարկումները: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկայն եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը նախագահել են Անդրանիկ Քոչարյանն ու Ծովինար Վարդանյանը: ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է գալիք տարի իրականացվելիք միջոցառուներին՝ նշելով, որ կարդիականացվի սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը: Զեկուցողի խոսքով ներդրումային ծրագիրն արժանացել է Կառավարության համապատասխան հանձնաժողովի հավանությանը: Նախատեսվում է ձեռք բերել երկրաքիմիական կայանի 6 տնակ, ինչպես նաեւ 13 կարեւորագույն նշանակության սարքեր ու սարքավորումներ, որոնք թույլ կտան ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտում: Խոսելով Փրկարար ծառայության ներդրումային ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցից՝ նախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականին նախատեսվում է նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերում: «Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում գործող կառուցվածքին համապատասխան մենք նախատեսել ենք կազմակերպել եւ իրականացնել 6 ծրագրով աշխատանքներ՝ 32 քաղաքականության միջոցառմամբ»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը: Ներկայացնելով հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նախարարը փաստել է, որ 2025 թվականի ինն ամիսների հաշվարկով գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում առկա է լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցավորության կառուցվածքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0, 7 տոկոսվ: Ըստ զեկուցողի՝ իրականացված աշխատանքների արդյունքում նաեւ աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաեւ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ ընդհանուր առմամբ 3,5 տոկոսով: Նախարարը ներկայացրել է նաեւ հանցավորության շարժընթացը, մասնավորապես՝ խոսել է սպանության դեպ

քերի մասին: «Հանրապետության մակարդակով շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները»,- փաստել է գերատեսչության ղեկավարը: Նա տեղեկացրել է, որ նախարարությունում մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը: Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվել է ՀՀ-ում այլ պետությունների վարորդական իրավունքի վկայականի առկայությամբ երթեւեկելը թույլատրելու հնարավորությամբ, վերջին շրջանում սպանությունների ու ֆինանսական հանցագործությունների վիճակագրությամբ: Նախարարի պարզաբանմամբ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական ունեցող երկրներն այստեղ որեւէ խնդիր չեն ունենում: Նշվել է, որ կան հայտեր տարբեր երկրներից, որոնք ցանկանում են այս ուղղությամբ մեզ հետ շարունակել աշխատանքները: Սպանությունների մասով Արփինե Սարգսյանը նշել է, որ դրանք հիմնականում կենցաղային, միջանձնային բնույթի են եղել, տեղի են ունեցել ոչ ընտանեկան բռնության հետեւանքով: Նրա խոսքով մեր երկիրն աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ, քանի որ վիճակագրական պատկերում փոքր տոկոս են կազմում պլանավորված հանցագործությունները: Դեպքերի աճ է գրանցվել կիբեռհանցագործությունների մասով: Այս առնչությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքներ են տարվում: ՆԳ նախարարը այս առումով կարեւորել է նաեւ իրավապահ համակարգի կարողությունների զարգացումը: Գերատեսչության ղեկավարը փաստել է, որ ընդհանուր մասնաբաժնում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը 9 ամիսների հաշվարկով նվազել է: Նախարարը նաեւ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ քայլերին, ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ու համակարգի վերազինմանը, խաղամոլության դեմ պայքարին, տրանսպորտային միջոցներում կատարված գողությունների բացահայտմանը, Ոստիկանության գվարդիայի ձեւավորմանը հաջորդող միջոցառումներին եւ բնագավառին վերաբերող այլ հարցերի:



ԼՐԱՀՈՍ