30 000-ից՝ 15 000 դրամ․ ի՞նչ է փոխվում Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերում 2027-ին .Iravaban.net
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերը նախատեսվում է շարունակել նաև 2027 թվականին։ Սակայն եթե առանձին խմբերի շահառուները կշարունակեն ստանալ ամսական աջակցություն, ապա 2027 թվականի ապրիլից դրա չափը կնվազի՝ 30 000 դրամից դառնալով 15 000 դրամ։ Կարիքավոր ընտանիքների համար նախատեսված լրացուցիչ հրատապ աջակցության տրամադրման ժամկետը նույնպես կերկարաձգվի։ Iravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման մեջ փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է երկաարցնել սոցիալական աջակցությունների տրամադրման ժամկետները։ Ո՞վքեր կշարունակեն ստանալ ամսական 30 000 դրամ աջակցություն Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշմամբ հաստատված ծրագրով սոցիալական աջակցություն է տրամադրվում Արցախից բռնի տեղահանված անձանց առանձին խմբերի՝ նրանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։ Նախագծով առաջարկվում է երկարաձգել այս ծրագրի գործողությունը մինչև 2027 թվականի հունիսը ներառյալ։ Սակայն աջակցությունը նույն չափով չի տրամադրվի ամբողջ ժամանակահատվածում։ Մինչև 2027 թվականի մարտը ներառյալ նախատեսվում է պահպանել ամսական 30 000 դրամ աջակցությունը։ 2027 թվականի ապրիլից մինչև հունիսը ներառյալ աջակցությունը կկազմի ամսական 15 000 դրամ։ Այսինքն՝ ծրագրի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ ևս 6 ամիս, սակայն վերջին երեք ամիսներին դրա չափը կկրճատվի կիսով չափ։ Ինչո՞ւ է նախատեսվում նվազեցնել աջակցության չափը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ նպատակը շահառուների սոցիալ-տնտեսական ինքնուրույնության խթանումն է։ Մինչև ե՞րբ հնարավոր կլինի դիմել աջակցության համար Նախագծով փոփոխվում են նաև աջակցության համար դիմելու վերջնաժամկետները։ Ծրագիր Նոր վերջնաժամկետ Առանձին խմբերի անձանց աջակցություն՝ N 1833-Լ 2027 թվականի հունիսի 30 Կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցություն՝ N 417-Լ 2027 թվականի դեկտեմբերի 15 Այսպիսով՝ երկու ծրագրերի դիմումների ներկայացման ժամկետները երկարաձգվում են տարբեր ժամանակահատվածներով։ Կարևոր է տարբերակել աջակցության տրամադրման և դիմում ներկայացնելու ժամկետները․ դրանք նույնը չեն։ Առանձին խմբերի անձանց աջակցության տրամադրումը նախատեսվում է մինչև 2027 թվականի հունիսը ներառյալ, իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է հունիսի 30-ը։ Կարիքավոր ընտանիքների համար ի՞նչ աջակցություն է նախատեսվում Կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշմամբ հաստատված ծրագրով Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն։ Նախագծով առաջարկվում է այս ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել ևս 12 ամսով՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանելով 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։ Ծրագրի շարունակման նպատակն է աջակցություն տրամադրել այն ընտանիքներին, որոնք դեռևս ունեն սոցիալական և նյութական դժվարություններ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս այս ծրագրի շրջանակներում ամսական աջակցություն է ստանում միջինում 8500 ընտանիք, իսկ ամսական ֆինանսավորումը կազմում է շուրջ 498 մլն դրամ։ 2027 թվականի երկրորդ կիսամյակում շահառու ընտանիքների թիվը կարող է հասնել շուրջ 9500-ի։ Ինչո՞ւ են եր
կարաձգվում ծրագրերը Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրերի շահառուների մի մասը շարունակում է գտնվել սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակում և դեռևս ունի սոցիալական աջակցության կարիք։ Կառավարությունը նախատեսում է ապահովել աջակցության շարունակականությունը՝ միաժամանակ խթանելով առանձին խմբերի շահառուների սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։ Միաժամանակ նշվում է, որ Արցախից տեղահանված անձինք կարող են օգտվել նաև ՀՀ մյուս քաղաքացիների համար գործող սոցիալական աջակցության ծրագրերից՝ դրանցով սահմանված պայմաններին համապատասխան։ Որքա՞ն գումար կհատկացվի ծրագրերի շարունակման համար Նախագծի համաձայն՝ երկու ծրագրերի համար 2027 թվականին նախատեսվող ընդհանուր ֆինանսավորումը կկազմի շուրջ 12.6 մլրդ դրամ։ N 1833-Լ որոշմամբ նախատեսված աջակցության համար 2027 թվականի առաջին կիսամյակում կպահանջվի շուրջ 6.26 մլրդ դրամ։ N 417-Լ որոշմամբ նախատեսված աջակցության համար 2027 թվականի երկրորդ կիսամյակում կանխատեսվում է շուրջ 6.3 մլրդ դրամ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս ծախսերը նախատեսվել են 2027 թվականի պետական բյուջեով։ Ամփոփում Նախագծի ընդունման դեպքում՝ Արցախից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցությունը կշարունակվի մինչև 2027 թվականի հունիսը ներառյալ։ Ամսական 30 000 դրամ աջակցությունը 2027 թվականի ապրիլից կնվազի՝ դառնալով 15 000 դրամ։ Առանձին խմբերի անձանց աջակցության դիմումների վերջնաժամկետը կսահմանվի 2027 թվականի հունիսի 30-ը։ Կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության դիմումների վերջնաժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։ Ե՞րբ ուժի մեջ կմտնեն փոփոխությունները։ Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Նշում․ խոսքը Կառավարության որոշման նախագծի մասին է։ Նշված փոփոխությունները նախատեսվող կարգավորումներ են և ուժի մեջ կմտնեն միայն նախագծի ընդունման դեպքում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։