Հանրային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» — հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել հանրային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ, որը նախաձեռնել էին օրենսդրական նախաձեռնության հեղինակներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանավազյանը: Օրենքի ընդունումը կենդանիների պաշտպանության ոլորտի իրավական եւ ինստիտուցիոնալ կարգավորման առաջին քայլն է, որը կիրարկման ընթացքում կկատարելագործվի: Հեղինակների խոսքով ակնկալվում է որ, օրենքի պատշաճ կիրարկման արդյունքում նվազագույնի կհասնի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ինչպես նաեւ կբարձրանա իրավապահ մարմինների կողմից գործերի քննության արդյունավետությունը: Օրենսդրական փաթեթով համալիր կարգավորվում է տնային եւ թափառող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունների ողջ շրջանակը: Ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց կարծիքներն ու դիտարկումները օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ՝ նշելով այն կետերը, որոնք անհրաժեշտ է փոփոխել: Քննարկվել են ոլորտի մի շարք հրատապ խնդիրներ,որոնք համակարգային լուծման անհրաժեշտություն ունեն: Մասնակիցները նաեւ հայտնել են պատրաստակամություն ապագայում ավելի սերտ համագործակցելու՝ ոլորտի բարելավման նպատակով: Հեղինակների խոսքով ստեղծվելու է բազմաշահառու հանձնաժողով, որը կկանոնակարգի
ոլորտի պատասխանատուների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կանոնավոր հանդիպումների եւ աշխատանքների իրականացումը: Օրեսդրական նախաձեռնության հեղինակները կդիտարկեն առաջարկված փոփոխությունները նախագծերում ներառելու հարցը: