ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Կիպրոսի Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:  «Հարգելի՛ դեսպան, Ձե՛րդ գերազանցություններ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն ու բարգավաճում ցանկանալով բարեկամ Կիպրոսի ժողովրդին: Այս առանձնահատուկ օրն արժեւորում է Ձեր երկրի ինքնիշխանությունը եւ կիպրոսցի ժողովրդի անսասան ոգին իր ազատությունն ու ժողովրդավարական ձգտումները պաշտպանելու հարցում: Կիպրոսի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովուրդների համար: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին եւ Կիպրոսին հաջողվել է զարգացնել ու խորացնել միջպետական հարաբերությունները: Այժմ էլ երկու երկրների միջեւ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն` բազմոլորտ  երկկողմ օրակարգով: Հայ-կիպրական հարաբերությունների զարգացումը շարունակական վերընթաց է ապրել, ինչն ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելություններով, միջազգային հարթակներում միմյանց աջակցությամբ, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական ու տնտեսական ակտիվ երկխոսությամբ: Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես աջակցել են միմյանց տարբեր հարցերի շուրջ: Կիպրոսը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դժվար պահերին եւ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու  հայ ժողովրդին: Հարգելի՛ ներկաներ, Հաջորդ տարի, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, Հայաստանը մայիսի սկզբին կհյու

րընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր ընդհանուր նպատակներն առաջ մղելու համար: Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանատների բացումը նշանակալի առաջընթաց է մեր հարաբերություններում, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրթությունը եւ այլն: Ջերմ եւ ակտիվ է նաեւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը, որի վկայությունն այս տարվա մայիսի 19-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի եւ իր գլխավորած պատվիրակության? Հայաստան այցելությունն էր, միջխորհրդարանական հանձնաժողովների միջեւ առկա ակտիվ երկխոսությունը: Արդյունավետ փոխաջակցություն է ծավալվել նաեւ բազմակողմ ձեւաչափում՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում: Երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գործում բարձր ենք գնահատում Կիպրոսի հայ համայնքի դերը: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել համատեղ սերտ համագործակցության շահագրգռվածությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: Վստահ եմ` մենք դեռ միասին երկարատեւ պատմություն ենք կերտելու: Թույլ տվեք եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնը: Կեցցե՛ Կիպրոսի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է խոսքը ՀՀ ԱԺ նախագահը:



ԼՐԱՀՈՍ