Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ առաջ աճուրդի էր հանել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ

դարով), որը բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք է: Հայ մատենագրության մեջ սա Աստվածաշնչի կաթողիկէ կամ ընդհանրական թղթերի ինքնուրույն առաջին մեկնությունն է: Ձեռագրի թերթերից մեկը տարիներ առաջ հայտնվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ուստի ձեռագրի ամբողջացումը կարևոր է և խորհրդանշական աշխարհասփյուռ մատյանների հավաքագրման առումով: Ձեռագրի ձեռքբերման՝ շուրջ ամիսներ տևած բանակցությունների արդյունքում արժեքը նվազեցվել է՝ հասցնելով 200 հազար եվրոյի (շուրջ 93 մլն դրամ), ինչը պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու ցանկությամբ: Մատենադարանը նախաձեռնել է նաև քննական բնագրի կազմության աշխատանքները, և նշված մատյանը էապես կնպաստի գիտական հետազոտության լիարժեքությանը:



ԼՐԱՀՈՍ