Հայաստանը 2027 թ. կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը
Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը: Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում
կհաստատվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից: «Մենք ուրախ կլինենք 2027 թվականի հերթական համաժողովն անցկացնել Հայաստանում»,- նշվում է փաստաթղթում՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրին համաժողովը հյուրընկալելու առաջարկի համար: Հիշեցնենք, որ 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը: