Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոնում մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին, որն այս տարի կրում է «Ուսուցման մշակույթի զարգացում՝ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով»» խորագիրը: Համաժողովին մասնակցել են ավելի քան 130 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ և շուրջ 1500 պատվիրակներ ամբողջ աշխարհից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն արհեստական բանականությանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, որն իրականացվում է FAST հիմնադրամի հետ համատեղ: Հայաստանի ՀՀ 15 ավագ դպրոցներում արդեն երրորդ տարին փորձարկվող կրթական ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել նախարարի տեղակալին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության կազմակերպմանն առնչվող մի շարք թեմաներ, որոնք համադրելի են Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների հետ: Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կրթական կառույցներում: ԿԳՄՍ նախարարի տեղ

ակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոնդոնի կրթության ազգային ինստիտուտ, որտեղ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարմանը վերաբերող հարցեր: «Կուրսերա» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցեր: Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստող ուսուցիչների պատրաստման, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների կառավարման կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Տեղի է ունեցել նաև հանդիպում Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է ԲՏՃՄ առարկաների դասագրքերի մշակման ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցը։
