Ամերիաբանկը IFC-ից ներգրավել է $200 միլիոնի վարկ .banks.am

Ամերիաբանկը $200 միլիոնի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) եւ կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Բանկից հայտնում են, որ կնքված համաձայնագիրը, որը IFC-ի եւ Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջեւ երբեւէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետեւանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման եւ կլիմայի առնչությամբ ազգային եւ միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը կհատկացվի կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, եւս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:«Այս գործընկերությունը եւ գործարքն արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը եւ առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները:
Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր եւ էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Հայաստանում ֆինանսական հաստատության միջեւ երբեւէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլեւ նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին եւ ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձեւավորմանը: Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը եւ Հայաստանում բիզնեսների եւ մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»,- ասել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում եւ նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում եւ կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով:
Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ եւ ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը: Մանրամասները սկզնաղբույր կայքում։