Քննարկվել է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38.058 քրեական վարույթ: 2023 թվականին ներկայացված հաղորդմամբ ավարտվել է 33.396 քրեական վարույթ: «Նշված գործից 11.801-ը՝ 13.179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հիշեցնեմ, որ 2023 թվականին 8.393 էր՝ 10.115 անձի վերաբերյալ: Թվերի համադրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14 տոկոսով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, եւ դրանցից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40,6 տոկոսով ավելի քրեական վարույթ: Կարճվել է 1264-ով կամ 5,1 տոկոսով ավելի քրեական վարույթ: Դատարանում քննվել եւ ավարտվել է 93.5 տոկոսով ավելի գործ, քան 2023 թվականին, իսկ արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8 տոկոսով»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը: Ըստ հաղորդման՝ 2024 թվ
ականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որից 18.397-ը՝ Երեւանում: 2023 թվականին՝ 20.231 դեպք: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1 տոկոսով: 2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Միաժամանակ, նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը: 2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7 տոկոսով. 2023 թվականին` 20.024 դեպք, 2024 թվականին՝ 20.361 դեպք: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6 տոկոսով. 2023 թվականին՝ 12.848 դեպք, 2024 թվականին՝ 12.253 դեպք: Ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8 տոկոսով. 2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1 տոկոսով. 2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք: Հաղորդումը՝ այստեղ: Գլխավոր դատախազը պատասխանում է պատգամավորների հարցերին: Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն հաղորդումն ընդունվում է ի գիտություն: