Կլոր սեղան-քննարկում «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» թեմայով
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ ապրիլի 10-11-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերում» թեմայով: Մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, տարբեր պետական իրավասու գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների եւ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն է պաշտպանության՝ կառավարման եւ վերահսկողության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ու խթանմանը վերաբերող հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն իր բացման խոսքում ներկայացրել է երկօրյա քննարկում նախաձեռնելու անհրաժեշտությունը՝ կարեւորելով Ազգային ժողովի եւ Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Նա նշել է, որ այդ շրջանակում իրականացվում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւոր մի շարք ծրագրեր: ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով նման քննարկումները, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում խնդիրները քննարկել տարբեր դիտանկյուններից ու ավելի համապարփակ ուսումնասիրել լուծման տարբերակները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով Զինված ուժերում եւ, ընդհանրապես, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներն իր առաջնահերթություններից են: Նա ընդգծել է, որ ինչպես անձամբ, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքեր, ՊՆ զորամասեր, զինկոմիսարիատներ, հոսպիտալներ, մարտական դիրքեր, ներկա են լինում բժշկական հանձնաժողովների նիստերին: Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի
բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը շնորհակալություն է հայտնել ԱԺ մշտական հանձնաժողովներին եւ մասնակիցներին արդյունավետ քննարկում կազմակերպելու համար: Նա ներկայացրել է DCAF-ի գործառույթները՝ նշելով, որ սերտ համագործակցում են Հայաստանի կառավարության հետ: Երկօրյա քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման գործում խորհրդարանի դերին, Զինված ուժերում ոչ մարտական իրավիճակներում մահերի կանխարգելման եւ դրանց արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքներին, օմբուդսմանական հաստատությունների դերի ուժեղացմանը՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում մարդու իրավունքների չարաշահումները կանխելու նպատակով եւ այլ հարցերի: Միջոցառումը կազմակերպվել է DCAF-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական անվտանգության ոլորտին եւ պաշտպանության ոլորտի բարեփոխումներին աջակցության շրջանակում, իրականացվել Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության դրամաշնորհով: