Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն՝ որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկի չափը կավելանա եւս շուրջ 30 տոկոսով: Նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի խոսքով այս փուլում կարեւոր է ներկայացված առաջարկի ընդունումը մինչեւ ամբողջական կվերանայվի ներդրվող համակարգը: «Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականների գույքահարկի բեռը նախատեսվում էր փուլային տարբերակով ավելացնել միջինում 5-6 անգամ: Հարկային այս բեռն առաջանցիկ եւ թռիչքաձեւ աճում է հատկապես Երեւանի Կենտրոն վարչական տարածքի բնակիչների համար, այդ թվում՝ տարեց բնակչության, որոնք ապրում են ժառանգաբառ իրենց փոխանցված բնակարաններում»,- ընդգծել է զեկուցողը եւ մտահոգություն հայտնել, որ նվազագույն կենսաթոշակ ստացող բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են լինելու իրենց ամբողջ թոշակն ուղղել միայն պահանջվող գույքհարկը վճարելուն: Թադեւոս Ավետիսյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա նշել է, որ բազմաթիվ երկրներ ունեն գույքահարկի չհարկվող շեմ: ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Գործադիրի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Անդրադառնալով գույքահարկերի հավաքագրմանը՝ փոխնախարարը փաստել է. «2021 թվականին հավաքագրվել է շուրջ 12,7 մլրդ դրամ գույքային հարկ, իսկ 2024 թվականին՝ արդեն շուրջ 22 մլրդ դրամ»: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրինագիծը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 9-ի նիստում եւ ստացել բացասական եզրակացություն: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նաեւ քննարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրմանն առնչվող նախագիծը, որի հեղինակը եւս պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն է: Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել փուլային եղանակով ներդրվող՝ քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը եւ դրանի

ց բխող՝ վարչական պատասխանատվությունը:  Զեկուցողը խոսել է գործող համակարգի խնդիրներից: Ըստ պատգամավորի՝ եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցութուն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը: Կառավարությունն անընդունելի է համարում Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւս ստացել է բացասական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ