Քննարկվել է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը

Խորհրդարանը մարտի 27-ի հերթական նիստում քննարկել է «Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Գլխավոր դատախազը պաշտոնեական դիրքի եւ լիազորությունների չարաշահման շրջանակում քննվող մի շարք գործեր է մեջբերել, որոնք վերաբերել են տարբեր հասցեներում գտնվող մի շարք կրթական հաստատություններից հողատարածքների ապօրինի առանձնացմանն ու օտարմանը: Զեկուցողի խոսքով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ  Տարոն  Անդրանիկի  Մարգարյանը,  2009 թվականի հուլիսի 6-ից մինչեւ 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին: Վերջինս այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ: Միջնորդագրի մանրամասները՝ այստեղ: Աննա Վարդապետյանը հավելել է, որ գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բավարարության տեսանկյունից բոլոր ապացույցների համակցությունը՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար: «Հիմք ընդունելով Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ միջնորդում եմ տալ համաձայնություն Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»,- ընդգծել է գլխավոր դատախազը: ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանն իրեն վերաբերող հարցի քննարկմանը դահլիճում չի եղել: Քննարկմանն ընդդիմադիր խմբակցությունները եւս չեն մասնակցել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հ

այկ Կոնջորյանը հարցին անդրադարձել է ավելի լայն քաղաքական համատեքստում եւ խոսել ընդդիմադիր դաշտի գործելաոճի ու քննարկմանը չմասնակցելու պատճառների մասին: «Մենք մանկապարտեզ եւ դպրոց ենք կառուցում, մեր առջեւ խնդիր ենք դրել Հայաստանում մինչեւ 2026 թվականը կառուցել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, իսկ իրենք մանկապարտեզ եւ դպրոց են գողացել ու սեփականաշնորհել: Սա երկու բեւեռային աշխարհայացքի մասին է խոսում»,- ընդգծել է խմբակցության ղեկավարն ու հավելել՝ մանկապարտեզ եւ դպրոց կառուցելիս դու այդ երկրի հետ ապագա ես կառուցում, ինչը չի կարելի ասել մանկապարտեզ եւ դպրոց սեփականաշնորհողների դեպքում: Հենց այս համատեքստում էլ Հայկ Կոնջորյանը խոսել է իրական Հայաստանի գաղափարախոսության մասին: Եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած որոշ հարցերի:



ԼՐԱՀՈՍ