Նախագծով կկարգավորվեն նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող հարաբերությունները

Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի տրման, հավաստագրման գործընթացում: Ներկայում յուրաքանչյուր կրթական մակարդակի համար սահմանված են հավաստագրման գործընթացներ: Առաջարկվում է սահմանել միասնական հավաստագրման գործընթաց: ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները՝ այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների եւ արտադպրոցական կրթության ոլորտի կարգավորումներին: Կսահմանվեն մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների պաշտոնների նկարագրերը: Այժմ մեր երկրում գործում են 238 երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ, որտեղ աշխատում է ավելի քան 5000 մանկավարժ: Գործող 174 մարզադպրոցում էլ աշխատում է ավելի քան 2000 մարզիչ-
մանկավարժ: Նշված կարգավորումը կվերաբերի այս մասնագետների պաշտոնների նկարագրերի սահմանմանը: Օրենսդրական փոփոխությամբ անդրադարձ կա արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորմանը: Ֆինանսավորման կարգը կհաստատվի պետական բյուջեի միջոցներից: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների ուսումնական պլանները, ծրագրերը, ուսումնական նյութերը եւ դասընթացները երաշխավորված կլինեն ԿԳՄՍ նախարարի հրամանով: Կկարգավորվեն արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության եւ ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: