Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու հիմնախնդիրները

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկել է 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների, ինչպես նաեւ մասնավոր սեփականությամբ առեւտրային կազմակերպությունների խթանման միջոցով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման հիմնախնդիրները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու նպատակով Բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից ձեւավորվել է մեխանիզմ, որը ենթադրում է ֆինանսական աջակցություն միջազգային եւ ազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերի սուբսիդավորման տեսքով, որոնց ցանկը սահմանում է ԵՏՀ խորհուրդը: Ֆինանսական աջակցության մեխանիզմը նախատեսվում է իրականացնել 5 տարի ժամկետով: Ակնկալվում է, որ իրական հատվածում ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը: ԵՏՀ խորհրդի հրամանով հաստատվել է մեխանիզմ՝ ներդրմանը մասնակցող բանկերի ցանկով: Հայաստանի կողմից առաջարկվել է այդ ցանկում ընդգրկել ռեզիդենտ հանդիսացող լիցենզավորված 16 հայկական բանկ: Ըստ Գեւորգ Պապոյանի՝ այս մեխանիզմը դրական գործոն կարող է հանդիսանալ հայկական արդյունաբերական ձեռնարկությունների վերազգային ֆինանսավորմամբ համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելու համար: Ըստ կարգի՝ կոոպերացիոն նախագծերին պետք է մասնակցեն առնվազն երեք անդամ պետություններ ներկայացնող ձեռնարկություններ, իսկ ծրագրին մասնակից համարվելու մասնակցության չափը պետք է լինի ոչ պակաս, քան նախագծի ընդհանուր գումարի 45 տոկոսը: Մինչ այժմ երեք նախագիծ է ներկայացվել, որոնցից առաջինը հետ է կանչվել, իսկ երկուսը քննարկումների փուլում են: Նախագծերից մեկով նախատեսվում է նոր տիպի երկաթգծի սլաքների արտադրություն, իսկ մյուսը վերաբերում է գյուղտեխնիկայի արտադրությանը: Նախարարը հավաստիացրել է, որ իր ղեկավարած նախարարությունը պոտենցիալ մասնակիցներ ներգրավվելու համար իրազեկման լայնածավալ աշխատանքներ է իրականացրել, հանդիպումներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:  Յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցել է տեղական բիզնեսի շուրջ 100 ներկայացուցիչ: «Պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունները շուրջ 147-ն են, որոնց մոնիտորինգի ենք

ենթարկում: Դրանցից շուրջ 20-ը մեր ենթակայության տակ են, որոնք ընդգրկված են հիմնական մասնավորեցման ծրագրերում»,- այս մասին հայտնել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ու հավելել, որ մասնավորեցման ծրագրերում ընդգրկված կազմակերպություններն անարդյունավետ են աշխատում  եւ համապատասխան ներուժ չունեն: Տարբեր նախարարությունների ենթակայությամբ գործող 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գերակշիռ մասը հիմնականում առողջապահական կազմակերպություններն են՝ շուրջ 78-ը: Դրանք թեեւ իրենց կազմակերպաիրավական ձեւով առեւտրային են, բայց հիմնականում ծառայություններ են իրականացնում պետական պատվերի շրջանակում: Այս շարքում են նաեւ էներգետիկ ու արտադրական ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնց մասով եւս Պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթը սահմանափակվում է հիմնականում մոնիտորինգի իրականացմամբ: «ԵՏՀ-ի շրջանակում կոոպերացիայի հնարավորությունների եւ տվյալ ծրագրի շրջանակում ներառելու նպատակով մենք կարող ենք համագործակցել Էկոնոմիկայի նախարարության հետ, մեր դիտարկումների ընթացքում նկատի ունենալ նաեւ այդ ներուժի բացահայտման հանգամանքը, բայց, ինչպես նշեցի, խոսքը սահմանափակ թվով եւ սահմանափակ հնարավորությամբ կազմակերպությունների մասին է»,- եզրափակել է խոսքն Առնակ Ավետիսյանը: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել պոտենցիալի գնահատման աշխատանքներին, Հայաստանում արտադրություններ ձեւավորելու հեռանկարներին, արտադրական հզորությունների համատեքստում մի շարք մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդրումների գրավչության ապահովմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը եւ ոլորտային այլ հարցերի:



ԼՐԱՀՈՍ

Առողջապահություն