Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը

2024 թվականի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվել է արտոնյալ առեւտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների բանակցային գործընթացը՝ երրորդ երկրների հետ առեւտրի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Նախարարի խոսքով 2024 թվականին շարունակական աշխատանքներ են տարվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ նախատեսվող եւ կնքված ազատ առեւտրի, ինչպես նաեւ առեւտրի տնտեսական համագործակցությունների շրջանակում տվյալ երկրի շուկա ՀՀ արտադրատեսակների մուտքի ազատականացման ուղղությամբ: Նախորդ տարվա նոյեմբերին ավարտվել են ԵԱՏՄ-Իրան առեւտրի համաձայնագրի ՀՀ-ի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Գեւորգ Պապոյանը նշել է, որ ավարտական փուլում են ԵԱՏՄ-ԱՄԷ բանակցությունները, շարունակվում են ԵԱՏՄ- Ինդոնեզիա բանակցությունները, ԵԱՏՄ-Մոնղոլիա ժամանակավոր առեւտրի համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ուղղությամբ տարվող աշխատանքները: Էկոնոմիկայի նախարարը, անդրադառնալով իրականացված միջոցառումներին, ընդգծել է, որ հաշվետու տարում Հայաստանը պահպանել եւ շարունակել է ակտիվ ներգրավածությունը Եվրասիական տնտեսական միությունում իրականավցող գործընթացներում: ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը, Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ, նախորդ տարի աճել է 154 տոկոսով. ՌԴ-ի հետ այն կազմել է 156 տոկոս, առեւտրաշրջանառության աճ է գրանցվել նաեւ Բելառուսի հետ, իսկ Ղազախստանի եւ Ղրղըզստանի դեպքում կա որոշակի նվազում՝ համապատասխանաբար 76գ4 եւ 50,1 տոկոս. պատճառը, ըստ նախարարի, ավտոմեքենաների ներկրումն է եղել: Գեւորգ Պապոյանի խոսքով ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում 2025 թվականի համար կարգավորված է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հարցը: ԵԱՏՄ շրջանակներում կնքված ազատ առեւտրի պայմանագրի եւ ԵԱՏՄ-ի պարտավորությունների շրջանակներում Հայաստանին սակագնային արտոնությունների քվոտաներ են տրամադրվել ներկրվող որոշակի ապրանքների համար՝ խոզի միս, վիետնամական բրինձ, ընտանի կենդանիների միս, սերբական ծագման պանիրներ եւ ծխախոտ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարի միջազգային կազմակերպությունների հետ իրականացվել է 4 ծրագիր: Նշվել է, որ Համաշխարհային բանկի եւ ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի կողմից 92 մլն եւ 50 մլն եվրո բյուջետային աջակցության ծր
ագիր է իրականացվել: Ասիական զարգացման բանկի հետ իրականացվում է առողջապահության որակի բարելավմանն ուղված ծրագիր՝ 45 մլն եվրո արժողությամբ: Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը մանրամասնել է ԵԱՏՄ շրջանակում իրականացված գործունեությունը, փաստել, որ ապահովվել է ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: Նախորդ տարի անցկացվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2, Եվրասիական միջկառավարական խորհրդի 4, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 9 նիստ: Փոխնախարարի խոսքով Հայաստանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1, կառավարությունների ղեկավարների 2, ԱԳ նախարարների 2, Տնտեսական խորհրդի 4 նիստերի: Հայ-ռուսական համագործակցության մասով եւս ԱԳՆ-ն շարունակել է ներգրավվածությունը: Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին: