Հանդիպումներում քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք հարցեր

Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին` հարցուպատասխանի ձեւաչափով: Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Պոպովիչը հետաքրքրվել է, թե որքանով են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված օրենսդրական աշխատանքներին: Ռուստամ Բաքոյանը խոսել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքի մասին, տեղեկացրել, որ դրա վերաբերյալ տեղի են ունեցել նաեւ մի շարք աշխատանքային քննարկումներ: Նա շեշտել է, որ քննարկումներին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքներից, նաեւ` վերջիններիս իրավունքները ներկայացնող շահագրգիռ փորձագետներ: Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է, մասնավորապես, եզդիական համայնքում առկա խնդիրները` անդրադառնալով եզդիերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման, Հայկական պետական մանկավարժական համալսարանում եզդիերեն լեզվի ամբիոն ձեւավորելու, մասնագետների սղության հարցերին: Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների համայնքներում տեղանունների` իրենց մայրենի լեզվով ցուցանակներ տեղադրելուն վերաբերող խնդրին: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է կոմիտեի աշխատանքներն ու ազգային փոքր

ամասնությունների համայնքների կյանքում դրական փոփոխություններ կատարելու նպատակադրումը: Պատվիրակության անդամներին ասորական համայնքում առկա խնդիրներն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Իրինա Գասպարյանը եւ Զեմֆիրա Միրզոեւան: Իրինա Գասպարյանն անդրադարձել է համայնքների խոշորացման գործընթացում ազգային փոքրամասնությունների մոտ առաջացած խնդիրներին, ասորական համայնքի հուշարձանների պահպանությանը: Զեմֆիրա Միրզոեւան էլ խոսել է Վերին Դվին համայնքում նախադպրոցական ուսումնական հաստատության վերանորոգման հարցի մասին: Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին` պատգամավորը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասամբ ազգային փոքրամասնության համայնքներից ներկայացուցիչներ չկան:  



ԼՐԱՀՈՍ

ՏՏ և Գիտություն