Մաքսային արտոնություն, որից կարող են օգտվել ՀՀ մշտական բնակության վերադարձողները .Iravaban.net

Վերջին շրջանում սոցիալական հարթակներում հաճախ են հանդիպում տեսանյութեր՝ ՀՀ մշտական բնակության վերադարձող քաղաքացիների մաքսային արտոնությունների մասին։ Հաճախ այդ տեղեկատվությունը թերի է կամ չի համապատասխանում գործող իրավական կարգավորումներին, ինչը կարող է թյուրիմացության մեջ գցել քաղաքացիներին։ Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով հանրության պատշաճ իրազեկումը, ներկայացնում է ՀՀ մշտական բնակության վերադարձող ֆիզիկական անձանց համար նախատեսված մաքսային վճարների արտոնությանը վերաբերող  հաճախ տրվող հարցերն ու պատասխանները, որոնք կօգնեն Հայաստան մշտական բնակության վերադարձողներին հստակ պատկերացում կազմել գործող կարգի և արտոնության մասին։ 1․ Մաքսային ի՞նչ արտոնությունից կարող են օգտվել ՀՀ մշտական բնակության վերադարձողները Եթե դուք վերադարձել եք Հայաստանի Հանրապետություն՝ մշտական բնակության և ՀՀ օրենսդրությանը համապատասխան ճանաչվել եք որպես ՀՀ մշտական բնակության տեղափոխված անձ կամ ստացել եք փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ, ապա կարող եք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման այն երկրից, որտեղ մինչ այդ բնակվել եք, Հայաստան ներմուծել Ձեր անձնական օգտագործման օգտագորված ապրանքները՝ ներառյալ ավտոմեքենան, մոտոցիկլետը և դրանց կցորդները (յուրաքանչյուրից ոչ ավելի քան մեկ միավոր)։ Կարևոր է իմանալ, որ արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, չգերազանցել սահմանված չափաքանակները և բավարարել օրենքով սահմանված պայմաններին։ 2. Որո՞նք են համարվում անձնական օգտագործման ապրանքներ Այն ապրանքներն են, որոնք նախատեսված են Ձեր կամ Ձեր ընտանիքի տնային ու այլ կարիքների համար և կապ չունեն ձեռնարկատիրական գործունեության հետ։ Կարևոր է իմանալ, որ ոչ բոլոր ապրանքներն են համարվում անձնական օգտագործման ապրանքներ և անձնական օգտագործման չհամարվող ապրանքների տեսակներին և չափաքանակներին կարող եք ծանոթանալ՝ 20.12.2017թ. ԵՏՀ խորհրդի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածում, իսկ տրանսպորտային միջոցների՝ ավտոմեքենաների, մոտոցիկլների և դրանց կցորդների տեսակներին ու չափորոշիչներին՝ 30.06.2017թ․ ԵՏՀ խորհրդի թիվ 74 որոշմամբ։ 3․ Ինչպե՞ս դիմել արտոնությունից օգտվելու համար և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Մաքսային արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել դիմում, որտեղ պետք է նշվեն տեղափոխվող ապրանքների անվանումները, քաշը և քանակը: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը. Կարևոր է իմանալ, որ մաքսային մարմինը կարող է պահանջել փաստաթղթերը ներկայացնել նոտարական վավերացմամբ և դրանց ներկայացումը կարող է էական ազդեցություն ունենալ արտոնության տրամադրման որոշման կայացման հարցում: Սա հիմնականում վերաբերում է տրանսպորտային միջոցի սեփականության և գրանցման փաստաթղթերին ու արտերկրում բնակությունը հավաստող այն փաստաթղթերին, որոնք օտար լեզվով են և տարբերվում են անձնագրից: 4․ Քանի՞ մեքենա և ո՞ր դեպքում կարող եք առանց մաքսազերծման ներմուծել ՀՀ Որպես ՀՀ մշտական բնակության տեղափոխված անձ (հայրենադարձ), կարող եք առանց հարկեր և մաքսատուրքեր վճարելու ներմուծել՝  անձնական օգտագործման յուրաքանչյուր տեսակի տրանսպորտային միջոցից միայն 1 միավոր: Օրինակ՝       Ավտոմեքենայի ներմուծման պայմանները և ժամկետները Հուշում՝ արտոնությունից օգտվելու պարագայում՝ ավտոմեքենան անցնում է բոլոր սահմանված ընթացակարգերով և ստանում ՀՀ պետհամարանիշ։ 5․ Հնարավոր է արդյո՞ք արտոնությունից օգտվել մի քանի անգամ: Ո՛չ։ Անհրաժեշտ է իմանալ, որ ԵՏՀ խորհրդի 20.12.2017թ. թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ կարող եք օգտվել մշտական բնակության ժամանող անձանց համար նախատեսված արտոնությունից, եթե նախկինում՝ տվյալ արտոնության շրջանակում, ապրանքներ և ավտոմեքենա ԵԱՏՄ տարածք չեք ներմուծել։ 6․ Կարո՞ղ է ընտանիքի յուրաքանչյուր անդամ օգտվել մաքսային արտոնությունից: Այո՛, կարող է, քանի որ մաքսային արտոնությունը տրվում է անհատին, այլ ոչ թե ընտանիքին։ 16 տարին լրացած ընտանիքի բոլոր անդամները

կարող են առանձին դիմել իրենց անունով ներմուծված բեռի կամ ավտոմեքենայի համար և ստանալ արտոնություն: Հուշում՝ յուրաքանչյուր անձի դեպքում կարևոր է օրենքով սահմանված պայմաններին բավարարումը: 7․ Հնարավո՞ր է արտոնությամբ ներմուծել օգտագործված անձնական ապրանքներ՝ ցանկացած քանակությամբ: Ո՛չ, թեև արտոնությունը թույլ է տալիս Ձեր անձնական ապրանքներ տեղափոխել առանց մաքսատուրքերի, սակայն գոյություն ունեն հստակ սահմանված չափաքանակներ, որոնց կարող եք ծանոթանալ՝ ՀՀ կառավարության 02.07.2020թ. թիվ 1133-Ն որոշմամբ։ Կարևոր հուշում՝ ապրանքները պետք է լինեն օգտագործված։ Կոմիտեն հորդորում է զերծ մնալ տարբեր հարթակներում թերի կամ չճշտված տեղեկատվություն տրամադրելուց, միևնույն ժամանակ՝ օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից։ ՀՀ մշտական բնակության վերադարձող ֆիզիկական անձինք մաքսային վճարների արտոնության վերաբերյալ տեղեկատվությանը կարող են ծանոթանալ՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխում» բաժնի «Անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները» ենթաբաժնում` ՀՀ տարածք մշտական բնակության տեղափոխված անձանց առնչվող հատվածում։ Կայքէջում ներկայացված իրավական ակտերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նաև ՀՀ իրավական տեղեկատվական համակարգում (www.arlis.am) և ԵՏՀ պաշտոնական կայքէջում (https://eec.eaeunion.org/)։ Միաժամանակ, ներկայացվում է անհրաժեշտ և օգտակար իրավական ակտերի ցանկը․



ԼՐԱՀՈՍ