Փոփոխություններ կկատարվեն զինապարտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործընթացում .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ՊՆ կողմից հանրային քննարկման դրված՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում միջգերատեսչական փոխգործելիության հարթակների ներդրմամբ և գործարկմամբ, որի արդյունքում զինապարտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը Պաշտպանության նախարարության (զինվորական կոմիսարիատների) կողմից ստացվում է ինքնաշխատ եղանակով համապատասխան պետական մարմինների էլեկտրոնային շտեմարաններից։ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները «Պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի կարգավորմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների վրա դրված է զինապարտների գրանցամատյան վարելու, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակներ կազմելու և զինվորական կոմիսարիատներին ներկայացնելու, ինչպես նաև բնակության վայրի կամ աշխատանքի (ուսումնական հաստատության) փոփոխության վերաբերյալ տվյալներ տրամադրելու պարտավորություն։ Նշված մեխանիզմը ձևավորվել է այն պայմաններում, երբ զինապարտների վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացված կերպով չէր հավաքագրվում և պետական մարմինների միջև տվյալների փոխանակումն իրականացվում էր հիմնականում ձեռքով կամ գրավոր հաղորդումների միջոցով։ Միևնույն ժամանակ փոփոխության է ենթարկվել քաղաքացու բնակության վայրի հաշվառման կամ հաշվառման փոփոխության իրականացման սահմանափակումը՝ կապված զինվորական կոմիսարիատներում նրա ունեցած պարտավորությունների հետ, ինչի արդյունքում առաջարկվում է, որ հաշվառումը կամ հաշվառման փոփոխությունը չդիտարկվի որպես սահմանափակում։ Զինապարտների վերաբերյալ տվյալները զինվորական կոմիսարիատներին հասանելի են դառնում բնակչության պետական ռեգիստրի և այլ համապատասխան պետական շտեմարանների հետ փոխգործելիության միջոցով, ինչը ապահովում է տվյալների ամբողջականությունը, արդիականությունը և ինքնաշխատ փոխանցումը՝ առանց քաղաքացու մասնակցության։ Գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատին տեղեկացնել հաշմանդամություն ունեցող զինապարտների վերաբերյալ։ Քաղաքացիական կացության ակտերում զինապարտի տվյալների փոփոխության կամ մահվան գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայումս առկա է արդարադատության նախարարության վարած պետական ռեգիստրներում։ Զինապարտի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման, ազատությունից զրկման կամ պատժի կրումից ազատման վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է իրավապահ մարմինների միասնական տեղեկատվական համակարգերում։ Հյուպատոսական հաշվառման, արտերկրում գտնվելու և վերադարձի վերաբերյալ տվյալները համակցված կերպով հասանելի են արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության ծառայության համապատասխան համակարգերում։ Կարգավորման բնույթը Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «ՀՈԴՎԱԾ 20. ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 10․ Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվության բովանդակությունը, ծավալը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության» բառը փոխարինել «Հանրապետական» բառով. 2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը. 3) 6-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «6. Զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ՝ թղթային և(կամ) էլեկտրոնային ավտոմատացված կառավարման համակարգում։ Անձնական գործում մուտքագրվում են զինապարտ քաղաքացու անձնական, կենսաչափական անձնական և առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Տվյալների միասնականությունը և համակարգված կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:». 4) 8-րդ մասում «որի» բառը փոխարինել «ինչպես նաև զինվորական կոմիսարիատի կողմից ըստ անհրաժեշտության տրված զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքը, որոնց» բառերով: Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը: Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի՝ 1) 4-րդ մասում. ա. 1-ին կետում «տվյալները ամիսը մեկ փոխանցում է» բառերը փոխարինել «վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է» բառերով. բ. 2-րդ կետում «տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են» բառերը փոխարինել «տեղեկատվությունը տրամադրում են» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով. գ. լրացնել նոր 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում հաշվառված տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է զինվորական կոմիսարիատներին:». 2) 5-րդ մասում «հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների» բառերը փոխարինել «տեսակների, ինչպես նաև դրանց հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տեղեկատվության բովանդակությունը, ծավալը և» բառերով։ Հոդված 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և կամ այլ ռազմավարություններ։ Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները: