Հասմիկ Ավագյանը Ճամբարակում մասնակցել է վորքաութ մարզահրապարակի բացմանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացմանը: Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցուցադրելով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում: Նմանօրինակ միջոցառում օրերս կայացել էր նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում: Վորքաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման ծրագրով Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն իսկ 10 ժամանակակից մարզահրապարակներ են կառուցվել։ Կապանում և Բերդում 3-ական մարզահրապարակ է գործում, իսկ Ջերմուկում և Ճամբարակում՝ 2-ական: Տարածքներն ընտրվել են այն տրամաբանությամբ, որ դրանք գտնվեն կա՛մ շենքերի բակային տարածքներում, քաղաքային զբոսայգիներում և բանուկ հատվածնե
րում, որը կարևոր է ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, կա՛մ դպրոցամերձ տարածքներում՝ ֆիզկուլտուրայի դասերի ընթացքում օգտագործվելու նպատակով: Որոշ մարզասարքեր նաև հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար: Հիշեցնենք՝ Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Նպատակը վորքաութով զբաղվելու մշակույթի ինտեգրումն է համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Նախատեսվում է նաև Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված 4 համայնքների դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2-ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց` վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։