Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, հետազոտության համակարգող Մարի Դորլեանսն ամփոփ ներկայացրել են նախորդիվ կայացած աշխատաժողովում քննարկված համատեղ հետազոտության արդյունքները և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել իրականացված աշխատանքի համար՝ ներկայացնելով կրթության ոլորտում լայնածավալ և առանցքային բարեփոխումների իրականացման ընթացքն ու նախարարության հանձնառությունը՝ շարունակելու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Միաժամանակ, ընդգծվել են իրականացվող աշխատանքների ուղղությամբ տարբեր միջազգային գործընկերների դրական արձագանքը և նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ երկխոսությունը զարգացման գործընկերների ռեսուրսների համադրման և փաստահեն քաղաքականության իրականացման դիտանկյունից։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ԵՄ կրթության ոլորտում երկխոսության հարթակը և գոհունակություն հայտնել, որ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ապահովելու կրթության շահակիցների առավելագույն մասնակցություն։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է կառավարման համակարգի հզորացման, կարողությունների զարգացման և համակարգային գործունեության անհրաժեշտությունն ինչպես նախարարության, այնպես էլ ոլորտի մյուս դերակատարների համար: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվ

աջյանը ներկայացրել է հաջողությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցմանը, համընդհանուր ներառական կրթությանը, դպրոցական սննդի կազմակերպմանը՝ առաջարկելով հայաստանյան փորձի փոխանակում տարածաշրջանի և եվրոպական երկրների հետ: Հանդիպմանը քննարկվել են նաև հնարավոր աջակցության և համագործակցության այլ ուղղություններ: Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրը (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership) մեկնարկել է 2024 թվականի մայիսից (եռամյա է՝ 2024-2026 թվականների համար): Ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն: Հիշեցնենք, որ Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին ավելի վաղ ընդունել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
