ԱրարատԲանկը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է .banks.am
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Նոյեմբերի 4-ին՝ ակումբի մարզաբազայում, կայացել է պաշտոնական ստորագրման արարողությունը, որի արդյունքում ԱրարատԲանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։«Մենք ուրախ ենք սկսել համագործակցությունը ԱրարատԲանկի հետ՝ գործընկեր, որը կիսում է մեր արժեքներն ու տեսլականը։ Մեզ համար սա պարզապես հովանավորություն չէ, այլ մարդկանց միություն, որոնք հավատում են Հայաստանին եւ նրա ապագային։ Մեր համագործակցության տրամաբանությունը հենց դրանում է կայանում։ Միասին դեպի նոր հաղթանակներ»,- նշել է «Ուրարտու» ՖԱ Գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը: Նշվում է, որ այս համագործակցությունը նոր էջ է բացում ԱրարատԲանկի եւ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ՝ վերջինիս համար ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի կատարելագործման եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար։«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է եւ քառակի գավաթակիր։ 2022/2023 մրցաշրջանում թիմը հասավ պատմական նվաճման՝ ձեւակերպելով «ոս
կե դուբլ»՝ հաղթելով երկու հիմնական ազգային տիտղոսները։«Այսօր թիմը շարունակում է հաջողությամբ հանդես գալ ազգային մրցաշարերում եւ ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ»,- ասվում է հաղորդագրությունում:«ԱրարատԲանկը, մշտապես պահպանելով իր արժեքները, թիմային ոգով եւ միասին է հաղթահարում բոլոր մարտահրավերները։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը եւս շատ մեծ եւ շնորհակալ աշխատանք է կատարել։ Փորձելու ենք մեր նպատակները, ցանկությունները, հաղթանակներին միտված բոլոր ջանքերը մեկտեղել եւ ունենալ հաջողություններ։ Վստահ ենք, որ նոր գործընկերությունը կբերի նոր վերելքներ երկու կողմերին՝ ֆուտբոլային տոն եւ անմոռաց պահեր նվիրելով թիմին եւ նրա երկրպագուներին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ Հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում՝ «Արարատ-Արմենիա» թիմի հետ նոյեմբերի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Այդ օրը թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ ԱրարատԲանկի տարբերանշանով։ «Հանդիպումը ակումբի պատմության մեջ կբացի նոր էջ՝ հնարավորությունների, զարգացման եւ մեծ նպատակների, իսկ ԱրարատԲանկը այսուհետ ֆուտբոլային ակումբի կողքին է՝ աջակցելով հայկական ֆուտբոլի զարգացմանը», - նշվում է հաղորդագրությունում: