Փորձնական ծրագիր` մսուրի ծառայության հասանելիություն մինչև 2 տարեկան երեխաների համար
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից մեկը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մակարդակի ավելացումն է: «Այս առումով լուրջ հաջողություններ ունենք՝ շնորհիվ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման պետական ծրագրով իրականացվող աշխատանքների: Նոր ստեղծված հաստատությունները նպաստել են երեխաների ընդգրկվածության թվի աճին: Այս պահին նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան 82 հազար երեխաներ են ընդգրկված, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում: 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս. այսինքն` երկու տարվա ընթացքում ընդգրկվածության շուրջ 12 տոկոս աճ է ապահովվել: Իսկ եթե համեմատությունը կատարվի 2017 թվականի ցուցանիշների հետ, ապա աճը շուրջ 20% է հասնում, ինչը ցույց է տալիս, որ նախադպրոցական հաստատությունների հիմնադրման և բարեկարգման ծրագիրը բավականին լուրջ ազդեցություն և արդյունքներ է ապահովում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` մինչ բուն նախագիծը ներկայացնելը: Նրա խոսքով` նախադպրոցական կրթության համակարգում ամենախնդրահարույցը մսուրի ծառայության հասանելիությունն է. ներկայում այդ ծառայությունը կազմակերպվում է շատ հատվածական՝ հիմնականում 2 տարեկանից սկսած համայնքային և պետական հաստատություններում: «Ծառայությունների ընդլայնման և մսուրի ծառայության տարիքային շեմի վերանայման կարիք կա։ Մսուրի ծառայությունը խթանելու, նաև ավելի ցածր տարիքային խմբի երեխաների համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել գո
րծող կարգում` մեկնարկելով փորձնական ծրագիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ըստ հաստատված որոշման` փոփոխություններ են արվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում, որին կհաջորդի փորձնական ծրագրի մեկնարկը: Նախատեսվում է շուրջ 200 երեխայի համար 10 խմբի շրջանակում սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում ընտրված համայնքներում: Մսուրի փորձնական ծրագիրը կիրականացվի Երևանի 4 հաստատությունում, որոնցից մեկում կգործի 6-12 ամսականների մեկ խումբ: Փորձնական ծրագիրը կիրականացվի նաև Վանաձորի և Գյումրիի երկուական, Հրազդանի մեկ հաստատություններում, որտեղ երեխաները, մեկ տարեկանից սկսած, կընդգրկվեն մսուրի ծառայության մեջ։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 175 միլիոն դրամ, որը կֆինանսավորվի պետբյուջեից՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակում։ Նախարարը շեշտել է, որ այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի փորձարկել նոր ծառայության ստանդարտը՝ հետագայում այն լայնածավալ կիրառելու և մսուրի հասանելիությունը մեծացնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է նաև նախադպրոցական կրթության պետական ֆինանսավորումը փոխկապակցել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի բարեփոխման հետ՝ համապատասխանաբար կատարելով ժամկետային փոփոխություն: Կարևորելով նախագիծը` ՀՀ վարչապետը նշել է, որ այս ծրագրի փորձարկման արդյունավետությունը շատ կարևոր է, քանի որ դրանով հնարավորություն է ստեղծվում նաև, որպեսզի փոքրահասակ երեխաներ ունեցող կանայք ավելի շուտ ներգրավվեն կամ վերադառնան աշխատաշուկա: Ծավալվել է քննարկում, որի ընթացքում նշվել է՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն է տալիս հետվճար ստանալ նաև նախադպրոցական հաստատությունների համար: