2026 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել ԿԲ նախագահն ու Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը
 
                2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը եւ ՀՆԱ ներուժի աճի ապահովումը: Այս մասին հոկտեմբերի 27-ին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը: Զեկուցողը նշել է, որ 2026 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4 տոկոս տնտեսական աճի ապահովման ելակետից՝ շեշտադրելով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի եւ պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաեւ տնտեսական ներուժի՝ վերջին տարիների ձեւավորված բարձր մակարդակի պահպանումն ու աճին նպաստումը: Մարտին Գալստյանի խոսքով ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից կարեւորվում է պահուստային ֆոնդի օգտագործման խիստ սահմանափակումների առկայությունը՝ ուղղված բացառապես մակրոտնտեսական ռիսկերից բխող հնարավոր լրացուցիչ ֆինանսական պահանջների բավարամանը: «2026 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան փոքր զսպող ազդեցություն»,- ասել է Մարտին Գալստյանը: Տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերի եւ անորոշությունների համատեքստում ԿԲ նախագահն առանցքային է համարել 2026 թվականին հարկերի հավաքագրման բարեփոխումների շարունակականության եւ արդյունավետության ապահովումը: Նա նշել է, որ ԿԲ-ն կշարունակի հետեւողական քաղաքականությունը գնաճի եւ գնաճային սպասումների
կարգավորման ուղղությամբ: «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը: Բյուջետային գործընթացի շրջանակում զեկուցողը ներկայացրել է 2026 թվականի համար կանխատեսվող բյուջետային ֆինանսավորման հայտը: Խոսելով Հաշվեքննիչ պալատի գործունեության մասին՝ Կարեն Առուստամյանը տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատը շրջանառել է «Հաշվեքննության միջնաժամկետ առաջնահերթությունների 2026-2028 թվականների նախագիծը», որի վերաբերյալ ստացվել է Կառավարության գործընկերների արձագանքը՝ փաստաթուղթը լավարկելուց հետո հաստատվել եւ հրապարակվել է: Ներկայում շրջանառության մեջ է դրվել Հաշվեքննիչ պալատի 2026 թվականի գործունեության ծրագրի նախագիծը, որը պլանավորվում է հաստատել սահմանված ժամկետում:
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                