Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպում
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, հայաստանյան շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի գիտության և նորարարության գլխավոր տնօրենության ներկայացուցիչները։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Եվրոպական միությունը ծրագրեր է իրականացվում ՀՀ հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, և վերջիններիս ընձեռած ռեսուրսների համադրումը թույլ կտա բազմակի ընդլայնել դրանց ազդեցությունը։ Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը՝ աշխարհում հետազոտությունների և նորարարության ամենախոշոր «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին հայաստանյան մասնակցության անդամավճարի 50 տոկոսի փոխհատուցման համար՝ շեշտելով, որ սա կապահովի ՀՀ մասնակցության շարունակականությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ազգային ռեսուրսներն ուղղել համապարփակ բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ուժեղացնել ազգային գիտահետազոտական էկոհամակարգը և, համապատասխանաբար, ամրապնդել Հայաստանի ներգրավվածությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրում։ Խոսելով տնտեսության և գիտության ոլորտների միջև կապի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ մի կողմից տնտեսությունն ու ֆինանսական հատվածը պետք է խթանեն նորարարության և հետազոտությունների ոլորտը, իսկ մյուս կողմից՝ հենց գիտահետազոտական առաջընթացը պետք է աջակցի իրական տնտեսությանը և ՀՆԱ-ի աճին։ Նա նշել է նաև, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընձեռած ինստիտուցիոնալ շրջանակը հայաստանյան կողմից դիտարկվում է «որպես եվրոպական գիտահետազոտական տարածքին լիարժեք ինտեգրման հնարավորություն»՝ թույլ տալով նաև բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունները ԵՄ երկրների հետ։ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ և արագ աճի հնարավորություններ ունի ստարտափների ոլորտում։ Նա անդրադարձ է կատարել ԵՄ պատվիրակության կողմից վերջին տարիներին թվային նորարարության ոլորտում աջակցություն ստացած նախաձեռնություններին և կարևորել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հետ դրանց փոխկապակցվածության հետագա խորացումը։ Հաջորդիվ՝ գիտության և բարձրագույն կրթության ոլորտների ինտեգրմանն ուղղված բարեփոխումներին և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմամբ ձևավորվող նոր օրենսդրական շրջանակին մանրամասն անդրադարձ է կատարել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նա
խագահ Սարգիս Հայոցյանը։ «ՀՀ անկախությունից ի վեր՝ բուհական ոլորտը չի ունեցող պատշաճ ֆինանսավորման հնարավորություններ, ինչը եկել է լուծելու նոր օրենսդրությունը՝ սահմանելով կատարողականի վրա հիմնված, ինչպես նաև դրամաշնորհային ֆինանսավորման մեխանիզմներ հայաստանյան բուհերի համար՝ օգնելով նրանց թարմացնել առկա կրթական ծրագրերը, իրականացնել ակադեմիական անձնակազմի փոխանակումներ և այդպիսով բարձրացնել նրանց մրցունակությունը»,- շեշտել է Հայոցյանը։ Հանդիպմանն առանձնակի նշվել է, որ 2021-25 թվականների ընթացքում «Հորիզոն Եվրոպայի» տարբեր գործողություններին հայաստանյան գիտական համայնքի ներկայացրած 205 նախագծից 166-ն ընդունվել է փորձաքննության, իսկ շուրջ 30-ն արժանացել է հավանության՝ ստանալով ընդհանուր 8.2 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհներ։ Այս ցուցանիշն արդեն իսկ կրկնակի գերազանցում է 2016-2020 թվականին «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին հայաստանյան մասնակցության ծավալները: Հիշեցնենք, որ Հայաստանն անդամակցել է 2021-2027թթ. «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին 2021թ. նոյեմբերի 12-ի ՀՀ և ԵՄ միջև կնքված համաձայնագրի հիման վրա, որով հայաստանյան գիտական համայնքին հնարավորություն է ընձեռվել օգտվելու ԵՄ ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո ֆինանսավորում ունեցող և շուրջ 70 երկրներ ընդգրկող գիտական համագործակցության ծրագրի հնարավորություններից: