Նախատեսվում է կանոնակարգել գնահատման գործունեության ոլորտը

Փորձ ենք անում գնահատողներին դասակարգել ըստ գործունեության՝ երեք կարգի. այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Գնահատման գործունեության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Զեկուցողը նշել է, որ սահմանվում է 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Այս կարգի համար սահմանվելու է համապատասխան ընթացակարգ: Օրենքի նախագծով սահմանվում է նաեւ 2-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ գնահատման ոլորտում երկու տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ 3-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող եւ լիազոր մարմնի կողմից հաստատված վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք: 1-ին կարգի գնահատողի որակավորման քննությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ գնահատման ոլորտում հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաեւ 2-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող եւ լիազոր մարմնի կողմից հաստատված վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք: Զեկուցողը տեղեկացրել է նաեւ, որ այս պահին գործող բոլոր գնահատման գործունեության որակավորման վկայականները համարվելու են 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականներ: Սուրեն Թովմասյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել գնահատողի որակավորման վկայականի կասեցման ինստիտուտ եւ սահմանել դրա կիրառման համապատասխան հիմքերը: Նախագծով ամրագրվում են նաեւ գնահատման գործունեություն իրականացելու համար տրամադրվող միավորները եւ դրանց նվազեցման կարգը, վկայա

կանի գործողության կասեցման եւ դադարեցման հիմքերը: Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից՝ մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր, ընդ որում՝ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի: Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ անշարժ գույքի բոլոր հաշվետվությունների վերաբերյալ տվյալները պետք է մուտքագրվեն հաշվառման ծրագրի համապատասխան նույնականացման տվյալներով: Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում: Այն ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է օրենքի նախագիծը ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:  



ԼՐԱՀՈՍ