Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) տարեկան ասամբլեան

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալելու է «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) տարեկան ասամբլեան, որին մասնակցելու են 48 երկրի գրադարանային ոլորտի և մի շարք գիտական հրատարակչությունների ներկայացուցիչներ (Oxford University Press, Cambridge University Press, Brill, JSTOR, EBSCO, Sage, The Company of Biologists և այլն)։ EIFL-ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Աֆրիկայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան, Եվրոպայի զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում: Կազմակերպության նպատակն է ապահովել գիտելիքի և տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև աջակցել կրթության, գիտության, հետազոտությունների և կայուն համայնքային զարգացմանը։ Համաժողովին մասնակցելու են EIFL-ի հետ համագործակցող երկրների գրադարանային ասոցիացիաների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային անդամակցող, ինչպե

ս նաև ակադեմիական տարբեր գրադարանների ներկայացուցիչները։ Համաժողովի շրջանակում «EBSCO information services» ընկերության ներկայացուցիչները սեմինար կանցկացնեն Հայաստանի տարբեր գրադարանների մասնագետների համար՝ ներկայացնելով Էլեկտրոնային ռեսուրսների հետ աշխատանքի լավագույն փորձը։ Համաժողովի նպատակն է խթանել մասնակից երկրների գիտական ու հետազոտական առաջընթացը՝ ստեղծելով մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման կարևոր միջազգային հարթակ գրադարանային և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների համար։



ԼՐԱՀՈՍ