Օրենսդրական նախաձեռնությամբ թափոնների կառավարման համակարգը կդառնա առավել ճկուն եւ արդյունավետ

Շրջակա միջավայրի նախարարությունը թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործման, օրենսդրական բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթաց: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը սեպտեմբերի 24-ի՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում: Քննարկվել է ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ, որոնք թափոնների կառավարման համակարգը կդարձնեն առավել ճկուն եւ արդյունավետ: Մասնավորապես, օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները: Օրենսդրական նախաձեռնությամբ կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները եւ գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավ

ական ակտերի ընդունման համար իրավական հիմքերը, թափոնների հաշվառման կարգի եւ գործածության կանոնների ու պահանջների սահմանումները, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները: Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետեւողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում: Արա Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների եւ խստացումների վերաբերյալ: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 



ԼՐԱՀՈՍ