Քննարկվել է չափումների իրականացման թափանցիկության բարձրացմանն առնչվող նախաձեռնությունը

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը եւ ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետեւանքներից սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին: Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը՝ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել ոլորտային բացթողումներն ու խնդիրները, սահմանել նոր իրավակարգավորումներ: Մանրամասնելով օրենքում իրականացվող փոփոխությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ընդլայնվել է օրենքի կարգավորման առարկան, սահմանվել են նաեւ պահանջներ՝ մեծությունների չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների պահպանման ու կիրառման վերաբերյալ: Վերանայվել եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ, ներդրվել նոր տերմիններ: «Չափագիտության ազգային մարմնի լիազորությունները հստակեցվել եւ ընդլայնվել են՝ ներառելով ոչ միայն ազգային չափանմուշների պահպանումը, այլեւ՝ նոր գործառույթներ, օրինակ՝ թանկարժեք մետաղների սարքավորումների փորձաքննություն եւ չափագիտական խորհրդի ստեղծում»,- ընդգծել է Նարեկ Հովակիմյանը: Նրա տեղեկացմամբ  նաեւ ընդլայնվել են տեսչական մարմնի լիազորությունները. ներառվել են փաստաթղթերի ստուգման եւ տեխնիկական միջոցներով վերահսկողության գործառույթներ: Զեկուցողի խոսքով փոփոխությունները կնպաստեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, տնտեսության եւ հասարակության համար կարեւոր ոլորտներում չափումների արդյունքների նկատմամբ վստահելիության ապահովմանը եւ օրենսդրական կրկնությունների ն

վազեցմանը: Հանձնաժողովի անդամները ողջունել են Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները, խոսել ոլորտում առկա խնդիրների մասին, կարեւորել տնտեսվարողների իրավունքների պաշտպանությունը: ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթարցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ