Երեւանում մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը

Երեւանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Քննարկումները ծավալվել են «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում: Սեմինարին մասնակցում են կազմակերպության անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Սեմինարն անցկացվում է ՆԱՏՕ ԽՎ-ի տնտեսության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Նիստում բացման խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: «Միջոցառումն ացնկացվում է այն ժամանակահատվածում, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումն իրականություն է դառնում: Ուստի, անվտանգային եւ պաշտպանության ոլորտում մեր ջանքներն ուղղված են ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ տարածաշրջանի կայունության եւ խաղաղության միջավայրի ամրապնդման գործին»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը հույս է հայտնել, որ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը կդառնա այդ կարեւոր ջանքերից մեկը: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ Սուրեն Պապիկյանը փաստել է, որ դրանք չեն սահմանափակվում միջխորհրդարանական շփումներով, այլ ունեն նաեւ պաշտպանության ոլորտում համագործակցության երկարամյա պատմություն: Զեկուցողն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումներին եւ այդ համատեքստում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին ու ակնկալիքներին: Նշվել է, որ վերջին տարիներին կանոնավոր իրականացվում են բարձր մակարդակի բաց եւ թափանցիկ քննարկումներ ՆԱՏՕ-ի հրամանատարությունների եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան զինվորականների միջեւ, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնել հայկական կողմի նպատակները եւ ստանալ թիրախային աջակցություն: «Երեւանում պատմական նոր հնարավորությունների խաչմերուկում ենք կանգնած. Հայաստանն ու Ադրբեջանն ավարտական տեսքի հասցրեցին խաղաղության եւ միջպետական հարաբերությունների համաձայնագրի տեքստը: Մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբեւէ էինք»,- ընդգծել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ Մարկոս Պերեստրելլոն եւ խրախուսել բոլոր կողմերին պահպանել անհրաժեշտ քաջությունն ու խիզախությունը՝ նվաճելու այդ նպատակները: Նա վստահեցրել է, որ երբ դա տեղի ունենա, ՆԱՏՕ ԽՎ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին հետայսու: ՆԱՏՕ ԽՎ նախագահը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին ամիսներին տեղի ունեցած դրական զարգացումները: Նրա դիտարկմամբ Հայաստանը շարունակում է կարեւոր քայլեր ձեռնարկել՝ ամրացնելու իր ժողովրդավարությունը: Նշվել է, որ Ռոուզ-Ռոթ սեմինարին նախատեսված է անդրադառնալ Հայաստանում եւ Ադրբեջանում այն զարգացումներին, որոնք ձեւավորելու են ապագան: «Մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք՝ սովորելու, հարմարվելու եւ ամրացնելու մեր անվտանգությունը, տնտեսական համագործակցությունն ու ժողովրդավարական հաստատությունները»,- ասել է Մարկոս Պերեստրելլոն: ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բաումանը խոսել է համաշխարհային խաղաղության եւ կայունության գործընթացում Շվեյցարիայի դերակատարության մասին, ներկայացրել այս համատեքստում իրականացվող քայլերը: Ըստ նրա՝ չի կարելի ապահովել կայուն խաղաղություն՝ առանց կուռ ժողովրդավարական ինստիտուտների եւ գործընթացների: Անդրեա Բաումանի գնահատմամբ ժողովրդավարությունը չի կարող բարգավաճել անվստահության պայմաններում: Խորհրդարանականները կենսական դեր են խաղում այս հավասարակշռության ապահովման գործում: Բանախոսը հավելել է, որ Շվեյցարիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ նշել, որ իրենք պատրաստ են շարունակաբար օժանդակել կայունության եւ խաղաղության ջանքերին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: Այնուհետեւ զեկույցներ են ներկայացրել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաեւ դրանք կանխելու համար: Զեկուցողի խոսքով խորհրդանշական է, որ սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել: «Խաղաղություն, որին տարածաշրջանի ժողովուրդները երկար են սպասել»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը եւ հավելել, որ հայկական կողմն այժմ աշխատելու է խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ՝ երաշխավորելու դրա հարատեւությունը: Նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձեւաչափերով գործընկերությունը: Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն համագործակցում են օրենքի գերակայության, բազմաոլորտ բարեփոխումների թափանցիկության, հակաահաբեկչության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով եւ այլն: «Մենք ողջունում ենք վերջին տարիների ընթացքում արտաքին եւ անվտանգային քաղաքականությունները բազմազանեցնելու ուղղությամբ Հայաստանի քայլերը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանը: Ընդգծվել է Հայաստանի մասնակցության կարեւորությունը ՆԱՏՕ-ի կազամակերպած մի շարք ծրագրերում: Զեկուցողը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը երկրի ներսում ջանքեր է գործադրում բարելավելու ժողովրդավարական ինստիտուտների լավ կառավարումը եւ իրավունքի գերակայությունը: Նշվել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ, բայց աջակցում եւ քաջալերում է Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր այն ջանքերը, որոնք կողմերին կմոտեցնեն հարաբերությունների կարգավորման փուլին: Հաջորդիվ քննարկվել է «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը. ի՞նչ է սպասվում առաջիկայում եւ առկա մարտահրավերները» թեման: Եվրոպական հիմնադրամի տնօրեն եւ commonspace.eu կայքի խմբագիր Դենիս Սամութը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված փաստաթուղթը, դրական գնահատել գործընթացը: Նրա գնահատմամբ հետագա ճանապարհը պետք է խարսխվի վստահություն կառուցելու գործընթացի վրա, ինչը հեշտ չէ: Նա հավելել է՝ ապագայում բարդ աշխատանք է սպասվում: «Կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» ՀԿ նախագահ Արմինե Մարգարյանն իր ելույթում փաստել է՝ չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ մնաց խաղաղության օրակարգին: Նրա գնահատմամբ հասարակությունը հավատում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն արժանի են արդար եւ տեւական խաղաղության: Անդրադառնալով Վաշինգտոնում ընդունված հռչակագրին եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագրին՝ բանախոսը կարծիք է հայտնել

, որ չնայած առաջընթացն արձանագրված է՝ դժվար աշխատանքը դեռ առջեւում է: Նա խոսել է փաստաթղթի դրույթների, երկու կողմերի պարտավորությունների մասին, փաստել՝ ուժի կիրառությունն այլեւս օրակարգում չէ: Արմինե Մարգարյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդիրը: Ըստ նրա՝ երկու հասարակություններն էլ իրար չեն վստահում: «Մեզ երկու բան պետք է ուղղորդի, եթե ուզում ենք խաղաղությունն անշրջելի դարձնել: Նախեւառաջ աշխարհաքաղաքականությունը կարելի է փոխել, իսկ աշխարհագրությունը՝ ոչ: Եվ երկրորդը՝ երկու կառավարություններն էլ պետք է իրենց բնակչությանն ամեն օր պատրաստեն խաղաղությանն ընդառաջ ե՛ւ հայտարարություններով, ե՛ւ քաղաքականության միջոցով»,- եզրափակել է խոսքը Արմինե Մարգարյանը: Թոփչուբաշովի կենտրոնի համահիմնադիր եւ փոխտնօրեն Մուրադ Մուրադովի խոսքով էլ խաղաղության ցանկացած գործընթացի համար նախեւառաջ քաղաքական մեծ կամք է պահանջվում, քաղաքական կամքը կարեւորագույն գործոն է, որի շնորհիվ պատմական բեկում եղավ Վաշինգտոնում՝ օգոստոսի 8-ին: «Հարավային Կովկասի համար նոր դարաշրջան է բացվում այս համաձայնագրի շնորհիվ, այն առավել հավակնոտ է, քան կարող էի ակնկալել»,- նշել է զեկուցողը եւ հավելել՝ Բաքվում եւ Երեւանում առաջնորդները շատ լավ  հասկանում են այս պատասխանատվությունը: «Իրական Հայաստան» հայեցակարգը զգալիորեն օգնում է մտածողությունը փոխելու եւ նորմալացման գործընթացին աջակցելու առումով: Նշելով, որ կայուն խաղաղության համար ժամանակ, ջանք ու համբերություն է պետք՝ Մուրադ Մուրադովն ընդգծել է, որ կա կողմերի միջեւ վստահության խնդիր, ուստի կարեւոր են վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Բանախոսը հավելել է, որ Ադրբեջանը լիովին բաց է մի շարք քայլեր ձեռնարկելու եւ հույս հայտնել, որ դա կլինի նաեւ Հայաստանի կողմից: Մուրադ Մուրադովը դրական է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը: «Փոքր տարածաշրջանի երկրների համար անհրաժեշտ է մշտական ձեւաչափ ունենալ, որպեսզի պետությունների, կառավարությունների ղեկավարները եւ այլ մարդիկ մշտապես խորհրդակցեն եւ համատեղ դիրքորոշումների հանգեն՝ հաշվի առնելով միմյանց փոխադարձ հիմնական շահերը եւ մտահոգությունները՝ շատ արագ փոփոխվող աշխարհում Հարավային Կովկասը պաշտպանելով կործանարար ազդեցություններից»,- նման կարծիք է հայտնել Ադրբեջանի բանախոսը: Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիա/Կիպրոս ծրագրի տնօրեն Նիգար Գյոքսելն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Նա կարծիք է հայտնել, որ կապերի նորմալացումն առաջնորդների մակարդակում է: Զեկուցողը փաստել է դրական փոփոխությունները՝ նշելով, որ չպետք է բավարարվել ձեռքբերումներով: Նիգար Գյոքսելը կարեւորել է հասարակությունների կառավարումն ու նոր իրողությունների հետ հաշտեցումը: Նա ընդգծել է տարածաշրջանի համապարփակ կապակցվածությունն ու բոլորի համար շահեկան սխեմաների առկայությունը: Հարցուպատասխանի ձեւաչափում կարեւորվել են մարդկանց միջեւ շփումները՝ որպես խաղաղության պայմանագրի երկարատեւությանը նպաստող գործոն: Ներկաները համակարծիք են եղել, որ գործընթացը բարդ է եւ ժամանակատար, այս համատեքստում ընդգծվել է կանանց ներգրավվածության կարեւորությունը: Շեշտվել է միջազգային իրավունքի եւ նորմերի պահպանման անհրաժեշտությունը, կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդումը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անկլավների թեմային: Նշվել է, որ այդ հարցը պետք է կարգավորվի կողմերի փոխհամաձայնությամբ: Բարձրացվել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը եւ միջազգային հանրության դերակատարումն այս հարցում: Քննարկումները շարունակվում են:



ԼՐԱՀՈՍ