«Իմ ձեռագործ Հայաստան» խորագրով փառատոնը ներկայացրել է հայ և վրացի վարպետներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) անցկացվել է «Իմ ձեռագործ Հայաստան» խորագրով փառատոնը, որը դարձել է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը։ Միջոցառումը նորովի ներկայացրել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազան դրսևորումները՝ գորգագործությունը, ասեղնագործությունը, խեցեգործությունը, քարագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, գոբելենը, տիկնիկագործությունը, զարդարվեստը, տարազը և այլն։ Փառատոնն այս տարի համախմբել է ավելի քան 70 վարպետների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից, որոնք ներկայացրել են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մոտեցումներով ստեղծված յուրօրինակ աշխատանքներ։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել վրացի վարպետների մասնակցությունը, որոնք ներկայացնում էին Վրաստանի արհեստագործների միությունը։ Նրանց աշխատանքներն ընդգրկում էին խեցեգործական նրբագեղ նմուշներ, զարդեր և հուշանվերներ, որոնք ընդգծում էին վրացական ավանդույթների ինքնատիպությունը։ Բացի ցուցադրությունից՝ վրացի մասնակիցներն անցկա
ցրել են նաև վարպետության դասեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում։ Փառատոնի գունեղ պահերից էր հայկական և վրացական ազգային տարազների համադրությամբ ցուցադրությունը, որտեղ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել տեսնելու երկու ժողովուրդների ավանդական հագուստների գունային և ոճային հարուստ բազմազանությունը։ «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը ոչ միայն կարևոր հարթակ է ժողովրդական արվեստի և արհեստների պահպանման ու տարածման համար, այլև նպաստում է միջմշակութային համագործակցության խորացմանը և տարածաշրջանային փորձի փոխանակմանը: