Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: Ավագ խմբում հաղթողի կոչմանն է արժանացել Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան), իսկ կրտսեր խմբում՝ Արմեն Հովհաննիսյանը: Ավագ խմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արտաշես Մոսիկյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), իսկ երրորդ հորիզոնականը կիսել են երկու մասնակից՝ Գարիկ Հարությունյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան) և Արամ Ասմանգուլյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան) միջև: Կրտսեր խմբում և՛ երկրորդ, և՛ երրոր
դ հորիզոնականների արժանացել են երկուական մասնակից. երկրորդ հորիզոնական՝ Գագիկ Ավետիսյան (դաս.՝ Արմենուհի Կարապետյան), Ադրիանա Շահինյան, իսկ երրորդ հորիզոնական՝ Մոնթե Միքայելյան (դաս.՝ Նելլի Մնացականյան), Արթուր Գրիգորյան (դաս.՝ Արփինե Կալինինա): Խրախուսական պատվոգրի է արժանացել մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Յուրի Ավագյանը: Նշենք՝ բոլոր մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով, պատվոգրերով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներով և դրամական պարգևներով: Դրամական պարգևների են արժանացել նաև մրցանակակիրների ուսուցիչները: Երեկոյի ընթացքում Համո Սահյանի խոսքերով գրված «Գարունդ հայերեն է գալիս» ստեղծագործության կատարմամբ մասնակիցներին ողջունել են Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի սաները՝ երգի հեղինակի՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ: Մրցույթի մրցանակակիրները մայիսի 20-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում հանդես կգան մեծ համերգով, որով էլ կեզրափակվի միրզոյանական 12-րդ տոնը: